Արտակարգ դեպք Էջմիածնում. ՌՈ նախկին աշխատակից փոխգնդապետը սպանել է մի տղամարդու, ապա կրակել ընտանիքի անդամների ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ փետրվարի 22-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, ով, գիտակցության չգալով, մահացել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, սպանվածը, ում վրա, ըստ նախնական տեղեկությունների, կա կրակոցի 4 հետք, հիվանդանոց է տեղափոխվել Արամ Մանուկյան փողոցից։

Սպանվածը 36-ամյա Գևորգ Խալաթյանն էր։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկաններն ու քննիչները սպանվածի տան պատերին հայտնաբերել են նաև կրակոցի հետքեր։ Սպանությունը կատարելու կասկածանքով Արմավիրի մարզի ոստիկանները հայտնաբերել են Մեսրոպ Կյուրեղյանին, ով այս պահին գտնվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Կյուրեղյանը ոստիկանության նախկին աշխատակից է եղել, այնուհետև ազատվել և ընդունվել է աշխատանքի ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում, որտեղից նույնպես ազատվել է։ Կոչումով փոխգնդապետ է։ Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները։

Սպանության վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Հանցագործը տուժածին սպանելուց հետո ավտոմատով սպանելու մտադրությամբ կրակոցներ է արձակել ընտանիքի մյուս անդամների ուղղությամբ։ Բարեբախտաբար, նրանք կարողացել են փախչել և պատսպարվել տանը, իսկ նա շարունակել է հետապնդել ու կրակոցներ արձակել ընտանիքի անդամների ուղղությամբ»։

Կրակոցների արդյունքում վնասվել են նաև տան մուտքի դռները, պատուհանները։ Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ավտոմատից արձակված բազմաթիվ պարկուճներ։ Իսկ 3 հատ էլ կրակված պարկուճ հայտնաբերվել է տանը։




Լրահոս