Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազության կողմից հարուցված թիվ 13200509 քրեական գործն այն մասին է, թե ինչպես 64 հազար դրամի համար Հայաստանում մարդը կարող է զրկվել կյանքից: Մարդը տվյալ դեպքում եղել է ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, գիտությունների 81-ամյա դոկտոր Նիկոլայ Հովհաննիսյանը, որը, բարեբախտաբար, ողջ է մնացել:ԲՈՒԹ ԳՈՐԾԻՔՈՎ` ՇՔԱՄՈՒՏՔՈՒՄ Նախկինում գույքի հափշտակություններ կատարելու համար 5 անգամ դատապարտված Անդրանիկ Չիվտչյանը (վերջին անգամ 7 տարի ժամկետով դատապարտվել էր 2003-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասով) պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետո 2009թ. փետրվարի 24-ին` երեկոյան 22.30-ի սահմաններում, Երեւանի Սայաթ-Նովա փողոցի 28-րդ շենքի բակում մոտեցել էր Նիկոլայ Հովհաննիսյանին եւ բարեւել: Գիտնականը, Չիվտչյանին շփոթելով իր ծանոթ «Ականավոր գյումրեցիներ» գրքի հեղինակ Գագիկ Վարդանյանի հետ, հետաքրքրվել էր գրքի հրատարակման գործընթացով: Չիվտչյանը իրեն չէր կորցրել, ասել էր, որ հրատարակչական գործերը նորմալ են, եւ շուտով գիրքը կհրատարկվի: Այսպես մտերմիկ զրուցելով` տուժող Հովհաննիսյանին ուղեկցել էր մինչեւ Սայաթ-Նովա 18 հասցեում գտնվող նրա բնակարանի շքամուտքը, որտեղ առաջին հարկի աստիճանահարթակում կռանալով բռնել էր Հովհաննիսյանի ծնկներից, ապա բութ առարկայով հարվածել նրա ճակատին, հետո գիտակցությունը կորցրած Հովհաննիսյանի գրպանից գողացել նրա 62.000 դրամ արժողությամբ «Նոկիան»` իր 093-21-51-92 համարով, եւ փախել: Իսկ գիտնականը տեղափոխվել էր «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, վիրահատվել, ինչի շնորհիվ հնարավոր էր դարձել փրկել նրա կյանքը: Դատաբժշկական փորձաքննությունը Նիկոլայ Հովհաննիսյանի մոտ հայտնաբերել էր ձախ ճակատային եւ այտային շրջանների սալջարդ եւ քերծվածքներ, գլխուղեղի ցնցում, երկկողմանի քրոնիկական ենթակարծրենային արյունահավաքներ:ԶԱՆԳ ԸՆԿԵՐՈՋԸ Տուն վերադառնալու ճանապարհին ամբաստանյալ Չիվտչյանը, չգիտես ինչու, մտածել էր, որ գողացված բջջային հեռախոսից արտասահման զանգելու դեպքում իրավապահները չեն կարողանա պարզել զրուցակցի ինքնությունը, եւ հասցեատիրոջ անունով գրանցված համարից զանգել էր մանկության ընկերոջը` ՌԴ Սարատով քաղաքում 20 տարի բնակվող Գեւորգ Զազյանին: Կանխավճարային քարտի «րոպեները վերջանալուց» հետո Չիվտչյանն ապարատը նվիրել էր սիրուհուն` Հերմինե Ադամյանին: Այս մասին ցուցմունքներ է տվել ոչ միայն Չիվտչյանը, որն իրեն մեղավոր է ճանաչել, այլեւ վկա Զազյանը, Հերմինե Ադամյանը եւ Չիվտչյանի եղբոր դուստրերը` վկաներ Վիկտորյա եւ Էսթեր Չիվտչյանները, ինչպես նաեւ վկաներ Արմեն Սիմոնյանը` «Սեւան» ՔԿՀ-ի նրա նախկին խցակիցը եւ Լեւոն Ադամյանը, որի հետ 2005-2007թթ. ընթացքում պատիժ են կրել: Այս մասին կա նաեւ «Արմենթել»-ի տեղեկանքը` Չիվտչյանի հեռախոսային զանգերի վերծանումներով: 2010թ. հոկտեմբերի 7-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանը Անդրանիկ Կարապետի Չիվտչյանին կրկին դատապարտեց` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով` ութ տարի վեց ամիս ժամկետով:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ
ՄԻ ՀԵՌԱԽՈՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ