Մաթեմատիկական գիտելիքներն օգնում են սցենար գրելիս. Գրիգոր Դանիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի անհայտ կողմը» խորագրով շարքը: Անդրադառնում ենք հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներին, որոնք առաջին մասնագիտությամբ որեւէ կապ չունեն բեմի կամ էկրանի հետ: Այս անգամ մեր զրուցակիցն է դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանը: Քչերը գիտեն, որ նա ավարտել է «Քվանտ» վարժարանը, իսկ 2000-2005թթ. սովորել է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում:

«Տնտեսագիտության հիմքում ընկած է մաթեմատիկան՝ որպես ճշգրիտ գիտություն, ուստի մաթեմատիկական գիտելիքներն օգնել են ինձ ճիշտ հաշվարկներ կատարել հատկապես սցենար գրելու պրոցեսում: Կարողացել եմ կազմել որոշակի ալգորիթմներ, որոնց շնորհիվ հեշտությամբ եմ սցենար գրում: Թեեւ որպես տնտեսագետ ոչ մի օր չեմ աշխատել, առաջին մասնագիտությունս ներկայիս մասնագիտության համար շատ օգտակար է եղել: Բացի այդ, քանի որ տնտեսագիտություն ուսումնասիրելիս ծանոթացել ենք նաեւ մարքեթինգին, այդ գիտելիքներն էլ օգնել են բիզնեսի հարցում. շատ ընկերներիս լավ խորհուրդներ եմ տվել»,-մեկնաբանեց Գրիգորը:

Նա ուսանողական տարիներին խաղացել է բուհի «Нар-Хоз» ՈՒՀԱ թիմում: 2005-07թթ հանդիսանալով «Арарат» ՈՒՀԱ թիմի անդամ` խաղացել է Մոսկվայի «Премьерлига»-ում եւներկայացրել Հայաստանը: Այդպես Գրիգորն իր քայլերն ուղղել է դեպի դերասանական աշխարհ:

«Կյանքս կտրուկ փոխվեց: Ես պատկերացում անգամ չունեի, որ դերասան կդառնամ, բայց ստացվեց այնպես, որ ընտրեցի դերասանի մասնագիտությունը, որն ինձ ավելի հոգեհարազատ է, ընտրեցի ասպարեզ, որտեղ ավելի հարմարավետ եմ զգում: Կարեւորն այն է, որ չեմ ափսոսում, որ ամեն բան այսպես ստացվեց»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Հավելենք, որ Գրիգորը 2006թ.-ից աշխատում է «Արմենիա» հեռուստաընկերությունում եւ հանդիսանում է մի շարք նախագծերի հեղինակ, դերասան եւ սցենարիստ` «Աստղային պատերազմներ», «PS club», «PS news», «Yere1», «Բլեֆ», «3 պատ», «Երեւանցիներ», «Ուրիշ կինո»: Եղել է մի շարք հումորային ներկայացումների սցենարի հեղինակներից մեկը, ինչպիսիք են «7.5», «7.5»-2, «No comment» եւ այլն: 2012թ. հիմնել է «Տրիո» էստրադային վոկալ ստուդիան: Նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ֆուլ Հաուս» հումորային նախագծում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս