Երրորդմասցի Լյովիկը պատահակա՞ն էր սպանվել. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից 5 տարի անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. մարտի 4-ն էր. «Նուբարաշենի» բանտի տարածքում սպանվեցին քրեական հեղինակություն Լեւոն Ղազարյանը` առավել հայտնի Երրորդմասցի Լյովիկ անունով, նրա ընկերներ Դրաստամատ Թադևոսյանը` Դերոն և Մեսրոպ Նազարյանցը` Մոսոն:

Քրեական աշխարհը ցնցած դեպքից անցել է 5 տարի, գործը իրավապահները հռչակել են բացահայտված, սակայն այդպես է արդյոք՝ դժվար է ասել:

Ամեն ինչի մասին սկզբից

Սպանություններից 19 օր անց երեք անձ՝ Սարգիս Գրիգորյանը` Ծգլը, Սարգիս Հախանումյանը՝ Տլեն, և Վահան Հակոբյանը՝ Գաստիկը, ինքնակամ ներկայացան ոստիկանություն, որից հետո նրանց կալանավորեցին: Նրանք անազատության մեջ են մինչ օրս, դատարանն ապացուցված է համարել, որ կանխամտածված սպանության հեղինակները հենց նրանք են: Առաջին ատյանի դատարանը նրանց դատապարտեց անազատության 18 տարի ժամկետով, սակայն Վերաքննիչ քրեական դատարանը խստացրեց պատիժը. նրանք կմնան բանտում 21 տարի: Ի դեպ, մեղադրող կողմը ցմահ ազատազրկում էր պահանջել:

Այսպիսով, ըստ մեղադրական եզրակացության՝ Վահան Հակոբյանը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել և պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 7,62 մմ տրամաչափի «ԱԿՄՍ » տեսակի ինքնաձիգ, 7,62 մմ տրամաչափի և «ԱԿՄ » տեսակի ինքնաձիգ, որոնք ապահովված են եղել պահունակներով, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:

Դեպքի օրը Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակահերթ են արձակել Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Սրա հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ. Նազարյանցը տեղում, իսկ Լ. Ղազարյանն ու Դ. Թադևոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Քննարկումներ էին անում

2015 թվականին ՀՀ-ում գործող իրավական համակարգի բոլոր ներկայացուցիչների մասնակցությամբ մասնագիտական քննարկում էր տեղի ունեցել, որի հիմնական թեման եղել էր քրեական հեղինակությունների սպանությանն առնչվող հարցերը: «Ժողովուրդ» օրաթերթն այդ ժամանակ գրել էր, որ քրեական աշխարհը ոտքի էր կանգնել, իսկ իրավապահ համակարգը փորձում էր կանխատեսել և հնարավորության դեպքում կանխել հնարավոր վենդետան:

Ըստ շրջանառվող լուրերի` Երրորդմասցի Լյովիկը և իր ընկերները գնացել էին քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու իրենց մտերիմներից Դավիթ Իսպիրյանին, սակայն տեղ չհասած՝ հնչել էին մահացու կրակոցները: Բացի այս տղաներից՝ սպանության գործով կալանավորված էր նաև Տլեի եղբայրը` Դավիթ Հախանումյանը՝ իր եղբոր և նրա ընկերների համար Երևանում բնակարան վարձելու համար, ինչը հնարավորություն էր տվել, մինչ իրավապահներին ներկայանալը, թաքնված մնալ: Հավանաբար, նրանք փորձել էին այդ ընթացքում իրենց անմեղությունն ապացուցող փաստեր ձեռք բերել, բայց նրանց ծրագրերը խառնվել էին:

ՀՀ ԱԱԾ-ն Սարգիս Հախանումյանի` Տլեի եղբորը` Դավիթին, ձերբակալել էր, ըստ էության, «պատանդ» պահելու համար, որպեսզի կարողանա այդ ճանապարհով տղաներին ստիպել ներկայանալու իրավապահ մարմիններին: Փաստն այն է, որ այդ օպերացիայի արդյունքում էլ Լևոն Ղազարյանի սպանության համար հետախուզվող Տլեն, Գաստիկը և Ծգլը որոշեցին ինքնակամ ներկայանալ ոստիկանություն:

Ո՞վ է դատապարտյալ ընկերը

Ինչպես նշեցինք՝ սպանված քրեական հեղինակությունները նշված օրը գնացել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ իրենց մտերիմ, սպանության փորձի համար մեղադրվող Դավիթ Իսպիրյանին տեսակցելու, ու հենց այդ օրն էլ ՔԿՀ-ի տարածքում հնչել էին կրակոցներ: Դավիթ Իսպիրյանը հանցագործ աշխարհի ներկայացուցիչ է, արաբկիրցի Վլադի որդին, որին պատկանում էր «Հաղթանակ» զբոսայգում գտնվող «Իսպիրնոց» անունով հայտնի խորտկարանը:

2011 թվականին Դավիթ Իսպիրյանին սպանություն կատարելու եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու համար մեղադրանք էր առաջադրվել ու հետախուզում հայտարարվել: Վերջինս հրազենից 8 կրակոցներ էր արձակել նախկին ազատամարտիկ, «Ավանգարդ» տաքսի ծառայության տնօրեն Արթուր Ղալումյանի ուղղությամբ: Այդ դեպքից հետո Իսպիրյանը լքել էր Հայաստանը և իրավապահներին ներկայացել 4 տարի անց՝ 2015 թվականի հունվարի 22-ին:

Եթե Դավիթ Իսպիրյանը պատիժը կրելու ընթացքում տույժեր «ձեռք բերած» չլինի, մոտ չորս տարի անց ազատության մեջ կլինի:

«Մարդաո՞րս» էր սկսվել

Դեպքից հետո Երրորդմասցի Լյովիկի մերձավորների մասնակցությամբ փոխհրաձգությունների, դանակահարությունների, սպանությունների մի ողջ շարք բացվեց: Ավելին, իրավապահները, պատահականության սկզբունքով, թե շատ հանկարծակի, կարողացան «բացահայտել», որ իրավիճակ թելադրող որոշ անձինք զինված են շրջում քաղաքում: Նրանց բերման ենթարկեցին, քրեական գործեր հարուցվեցին:

Նախ դեպքից երկու շաբաթ անց մահափորձ կատարվեց Վարդան Կարապետյանի՝ Փոսի Վարդանի նկատմամբ, ով համարվում էր Երրորդմասցի Լյովիկի մտերիմը: Նա նաև հարցաքննվել էր այդ գործով: Իսկ մինչ այդ իրավապահները խուզարկություն են անցկացրել նրա տանը և, ոչ պաշտոնական տեղեկություններով, զենք-զինամթերք փնտրել:

Իրադարձությունների նման զարգացումը շատերի համար էր անսպասելի: Անգամ կարծիքներ տարածվեցին, թե քրեական աշխարհի ներկայացուցիչներն «ինքնագլուխ»` առանց «վերևների» իմացության, ինչ-ինչ որոշումներ են կայացրել: Ու սրա արդյունքն էլ թիրախում հայտնվելը եղավ: Թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ազատության դիմաց, ինչ խրատներ են հնչել մի կողմից մյուսին ուղղված, դժվար է ասել, ու սա, թերևս, մեկ այլ թեմա է: Խնդիրն այն է, որ հինգ տարի առաջ տեղի ունեցած դեպքը դեռևս հարցեր և ենթադրություններ է ծնում:

Այն, որ դեպքից երկու շաբաթ անց սպանությունը կատարելու մեջ հետախուզվող եռյակը հայտնաբերվեց, ապա ազատազրկվեց, բավարար չէ գործը բացահայտված համարելու համար, առավել ևս, որ նրանք «գողական սկզբունքով» հրաժարվել են խոսել:

Այդուհանդերձ, պետք է նկատել, որ Երրորդմասցի Լյովիկի հավանական թշնամիների ցանկում սպանությունից հետո տարբեր անուններ շրջանառվեցին և, ըստ երևույթին, շատ ավելի ազդեցիկ մարդկանց, քան կարող են համարվել Գաստիկը, Ծգլը և Տլեն: Թեպետ դեպքից հետո նրանք, կարելի է ասել, բավականին մեծ «համբավ» ձեռք բերեցին:

«Որբացած» ՀՀԿ-ն և «Բանդիտական Երևանը»

Դեպքից հետո մի անանուն քաղաքացի հետաքրքիր բաց նամակ էր ուղարկել և ուշագրավ դրվագներ պատմել Երրորդմասցի Լյովիկի կյանքից: Պարզվում է՝ Երրորդմասցի Լյովիկի թշնամիները շատ էին, և որքան էլ զարմանալի է՝ մեծամասամբ իր երբեմնի ընկերների շրջանում: Եվ քիչ չէին մարդիկ, որոնց խանգարում էր քրեական հեղինակությունը:

Այսպես. «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը զուտ քրեական հաշվեհարդար չէր։ Այն ՀՀԿ-ի «անձնական» ողբերգությունն էր։ Մահացածներից Երրորդմասցի Լյովիկը ՀՀԿ երկու բարձրաստիճան դեմքերի՝ Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Բեգլարյանի «վստահված անձն» էր համապետական և մայրաքաղաքային ընտրություններում, այսպես ասած, մայրաքաղաքում ընտրությունների «զոն նայողներից» էր։

Ինչպես «ծնվեց» Երրորդմասցի Լյովիկը

Եվ այսպես ի՞նչ է նախորդել այդ սպանությանը։ Դրա համար պետք է հասնենք հեռավոր 90-ականներ, երբ Լևոն Ղազարյանը (Երրորդմասցի Լյովիկը) մանկության ընկերոջ հետ գնում է Մոսկվա հորեղբորորդու՝ Պզոյի՝ Արմեն Ղազարյանի մոտ։ Երկու ընկերները մտադիր էին այնտեղից վերադառնալ օրենքով գողի կարգավիճակով։ Սակայն Մոսկվան գող կարգվելու նրանց «արցունքներին» չի հավատում։ Ձեռնունայն վերադառնալուց հետո Լևոն Ղազարյանը թշնամանում է մանկության ընկերոջ հետ, որի անունը և թշնամանքի պատճառները մեզ հայտնի չեն։ Հայտնի է, որ Երևանում Լևոնը մտերմանում է չարբախցի Տիկոյի հետ։

90-ականների վերջին այս երկուսի մտերմությանը որպես խոչընդոտ խառնվում է Բազարի Կյաժը, որն իր հերթին խնդիրներ է ունենում Մհեր Պողոսյանի՝ կոնդեցի Մհերի՝ Մըգըստի, հետ։ Մըգըստն արդեն ի գիտություն էր ընդունել Կյաժի առավելությունն իր հանդեպ, սակայն Լևոնի հետ մտերմությունը նրան թևեր էր տալիս։

Մհերը 1997-ին սպանում է Արամ Սահակյանին՝ բազարի Կյաժը, որն այդ ժամանակ 3-րդ մասի շուկայի տնօրենն էր, որից հետո Լևոնի և Մհերի ընկերությունը թևակոխում է նոր փուլ։ Կյաժի սպանվելուց հետո Շենգավիթ համայնքն «ազատվում» է Լևոն Ղազարյանի վերջին խոչընդոտից որպես համայնքի համար մեկ քրեական հեղինակություն։ Սակայն Լևոնը մտմտում է չարբախցի Տիկոյից նույնպես ազատվելու մասին։ 2000-ականներին նրանց միջև արդեն սև կատու էր անցել, որի էությունը մեզ հայտնի չէ։ Հայտնի է, որ Լևոնն ընկերություն է հաստատում մեկ այլ չարբախցի Տիկոյի՝ Ցիպի հետ, որը անհաջող մահափորձ է իրականացնում քրեական անվանակցի հանդեպ։ Այս պատմությունն ավարտվեց նրանով, որ առաջին չարբախցի Տիկոյի մորաքրոջ որդին՝ Էդոն, գնդակահարում է Ցիպին։ Ի դեպ, Էդոն մի քանի ամիս առաջ է ազատվել ՔԿՀ-ից:

«Տեցի կռուգ»-ը որպես Երրորդմասցի Լյովիկի հզորության կնքադաշտ

Իսկ ահա Լևոն Ղազարյանի՝ երրորդմասցի Լյովիկի վաղեմի ընկեր և արդեն հակառակորդ դարձած Տիկոն, լավ հասկանալով, որ Լյովիկը իրեն հանգիստ չի տալու և իր դեմ պարբերաբար սրացումները տեղի են ունենում Լյովիկի դրդմամբ, Մաշտոցի պող. «Մալիբու» սրճարանի դիմաց, մահափորձ է կատարում Լյովիկի նկատմամբ։ Լյովիկի կողմից պատասխան հարված է տալիս Ցիպի քեռու տղան, ով փորձում է սպանել Տիկոյին, որի արդյունքում զոհվում է մեկ ուրիշը՝ Շենգավիթցի Հայկոյի որդի Արթուրը: Այս ամենի արդյունքում Տիկոն հեռանում է Հայաստանից:

Երրորդմասցի Լյովիկը երբեք էլ չի կասկածել, որ Տիկոն գալու է իր հետևից։ Եվ ամեն անգամ, երբ տեղեկանում է, որ Տիկոն Երևանում է, ինքը ավելացնում է իր թիկնազորը։ 2000-ականների կեսերից երրորդմասցի Լյովիկը Շենգավիթում սկսում է իր շուրջը հավաքել հանցագործ աշխարհին նվիրված և «ակտիվությամբ» աչքի ընկնող երիտասարդներին: Հենց այս ժամանակ էլ խաչվում են նրա և Գաստիկի՝ Վահան Հակոբյանի ճանապարհները:

Վահանը հանցագործ աշխարհում ընդունված անձնավորություն էր, և առանձնապես տպավորված չէր երրորդմասցի Լյովիկով։ Նա մերժում է Լևոնի նույն թիմում լինելու և միասին գործելու առաջարկը:

Բնականաբար, Լևոնը չի կարողանում սա «կուլ տալ»՝ Շենգավիթում դեռ կա մեկը, ով իր թրի տակով չի անցել։ Լյովիկի «աստեղային» ամենալուրջ «հայտնությունը» «Տեցի կռուգի» պատմությունն է: 2005թ. փետրվարի 4-ին՝ ժամը 20:30-ին, Երևանի ծայրամասերից մեկում՝ «ՏԷՑ-ի կրուգ»-ում, տեղի էր ունեցել փոխհրաձգություն: 15 րոպե տևած կրակոցների հետևանքով մահացել էր Մհեր Տեր-Հարությունյանը՝ չարբախցի Մհերիկը, և վիրավորվել էին մի քանի տասնյակ մարդիկ:

«Ռազբորկայի» դրդապատճառը թիվ 69 երթուղային գծի համար ծագած վեճն էր։ Լևոնը ձերբակալվում է և մեկ տարի անց ազատ է արձակվում: Սակայն քիչ անց նրան նորից են ձերբակալում «Նովիկով»-ի վրա մահափորձ անելու համար, ով «ՏԵՑ-ի կռուգում» Մհերիկի ենթադրաբար սպանողն էր:

«Սխոդկան» հուշում է հանգուցալուծումը

Հանցագործ աշխարում ընդունված չէ, երբ օրենքով գողի վրա «ձեռք են բարձրացնում» և մնում են անպատիժ: Կա երկու տարբերակ՝ կամ ծեծված օրենքով գողը պետք է սպանի իրեն նվաստացնողին կամ գողական համայնքը նրան զրկում է օրենքով գողի կարգավիճակից: Երևանում վիճակը դառնում է պայթունավտանգ: Օրենքով գող Օշականցի Գևորիկի ծեծի ենթարկվելու թեման հայտնվում է հայկական և ռուսական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Հասկանալով, որ իրավիճակը պայթունավտանգ է, հարցին խառնվում է անձամբ Գագիկ Բեգլարյանը:

Նա անձամբ է ամիսներ շարունակ բանակցում գողական աշխարհի ներկայացուցիչների հետ, նպատակը՝ հաշտեցնել Օշականցի Գեւորիկին եւ Լեւոնին։ Հաշտեցում տեղի չի ունենում, սակայն հակամարտությունը սառեցվում է։ 2014-ի ամռանը Երրորդմասցի Լյովիկը Երևանի սրճարաններից մեկում ընդհարվում և վեճի է բռնվում տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի՝ Խուճուճ Էդոյի որդու՝ Արմանի հետ, որը Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի փեսան է: Այս դեպքից հետո Մհեր Սեդրակյանի տղաները ծեծում են Լեւոնի շրջապատից մի քանի հոգու: 2015-ի սկզբներին Հայաստանում տեղի է ունենում վերջին շրջանում գողական աշխարհի ներկայացուցիչների ամենամեծ հավաքը՝ «սխոդկան»՝ այդ աշխարհում որպես հայտնի լիդեր ընդունված օրենքով գող Շաքրոյի ներկայությամբ : Այդ աշխարհի նիստուկացին քիչ թե շատ ծանոթները լավատեղյակ էին, որ այդ օրենքների համաձայն՝ Օշականցի Գևորիկի առաջ պետք է պայման դրվի՝ կամ պատասխանել Լեւոնին և Տույին կամ թողնել գողի տիտղոսը:

Որոշ ժամանակ անց Նուբարաշենում, նախնական վարկածով, Գաստիկի ձեռամբ սպանվում են Լեւոնն ու նրա երկու ընկերները՝ Դրաստամատ Թադեւոսյանը (Դերոն) եւ Մեսրոպ Մելիքյանը:

«Սպասավորները»՝ աղմկահարույց սպանության հեղինա՞կ

Դեպքից հետո մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Գաստիկի հանցակիցները՝ Ծգըլը և Տլեն, նրա սպասավորներն էին, հրահանգներն էին կատարում և նույնիսկ ինքնուրույն զենք գտնել չէին կարող: Փաստորեն, Գաստիկի հետ միասին պատիժ են կրելու դեռ 16 տարի:

Ավելորդ չենք համարում նկատել, որ Բազարի Կյաժի սպանությունն իր դրդապատճառներով և բնույթով մի շարք ընդհանրություններ ունի Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով հայտնի նախնական փաստերին. և´ Բազարի Կյաժը, և´ Երրորդմասցի Լյովիկը սպանվել են վրեժխնդրությունից դրդված:

Սրանից ելնելով` կարելի է ենթադրել, որ Երրորդմասցի Լյովիկին սպանողներին կարող էր սպասվել նույն այն ճակատագիրը, ինչին արժանացավ Բազարի Կյաժին սպանողը: Վերջինս դիմահար կրակոցով սպանվեց: Այս աշխարհում, ի վերջո, ներում-բեկում չկա:

Այս պատմական էքսկուրսով ցանկանում ենք ասել, որ մեր երկրում հանցագործությունների մի մեծ մասը տեղի են ունեցել հենց այն պատճառով, որ հանցագործին և հանցագործությանն ադեկվատ գնահատականներ չի տրվում հենց իրավապահ համակարգի կողմից: Այլ կերպ ասած՝ իրավապահներն են և´ հանցագործին բռնողը, և´ նրան ազատ արձակողը:

Չհերքված վարկածը

Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանությունից հետո մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Գաստիկը վրեժ է լուծել Երրորդմասցի Լյովիկից որոշ ժամանակ առաջ իրեն շան բունը գցելու և դաժան ծեծի ենթարկելու համար, այնքան էլ մոտ չեն իրականությանը: Այսպես, ըստ նույն լուրերի՝ Երրորդ մաս կոչվող թաղամասի «բազարցի» Վահան Հակոբյանը, նույն ինքը` Գաստիկը, երբևէ չի ընդունել, որ Շենգավիթում հեղինակությունը կամ ինչ-որ բան փոխողն ու որոշողը Երրորդմասցի Լյովիկն է:

Եվ այսպես, մի օր Գաստիկը որոշում է զայրացնել Լյովիկին: Առևանգում է նրա մերձավորներից մեկին, դաժան ծեծի ենթարկում, գցում շան բունն ու ասում. «Է՞ս չեն ընկերներդ: Չեն էլ գալիս հետևիցդ»: Ապա Գաստիկը դաժան ծեծի ենթարկված երիտասարդին ուղարկում է հակառակորդ կողմի մոտ: Չանցած մի քանի օր` Գաստիկը ստանում է իրեն արժանի հակահարվածը իր իսկ տան բակում: Լյովիկի «տղաները» ավտոմեքենայով գալիս են Գաստիկի մոտ, անողոք ու դաժան ծեծի ենթարկում նրան, մեքենայով անցնում նրա վրայով: Ի դեպ, լուրեր էին տարածվել, թե այս ամենը տեղի է ունեցել Գաստիկի կնոջ և երեխայի աչքի առջև:

Ու տղայական «ռազբորկան» իր հանգուցալուծումը, ըստ երևույթին, գտավ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի առջև:

ՏԱԹԵՒ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




Լրահոս