Ինչպես մերօրյա գրեթե բոլոր ազդեցիկ պաշտոնյաները, այս պաշտոնյան էլ Հանրապետական կուսակցության անդամ է, նժդեհյան գաղափարախոսության ջահակիր: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը «ամենաերկարակյաց» մարզպետերից է, եւ ըստ շրջանառվող լուրերի` նա իր աթոռին ամուր կառչած է մնում նաեւ անբացատրելի հմայքի ու բոլորին (հիմնականում վերադասին) հատուկ ժպիտներ շռայլելու շնորհիվ:Վաստակաշատ մարզպետի պաշտոնավայրն իր ծննդավայր Իջեւանն է: Ա. Ղուլարյանը ավարտել է Երեւանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը եւ ստանալով ճարտարապետի մասնագիտություն` տեղը տեղին նախագծել է իր հետագա կենսագրությունը` մշտապես զբաղեցնելով բարձր պաշտոններ: 1999 թվականից մինչ օրս նա իր գործունեության պիկում է` իբրեւ հայրենի եզերքի մարզպետ: Ինչպես որոշ մարզպետեր, նա եւս ունի զինվորական կոչում` ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ է:Ղուլարյանը շատ ճկուն քաղաքականություն է վարում գրեթե բոլոր ոլորտներում: Թերեւս դա է պատճառը, որ երբ 2009թ-ին կառավարությունն, ըստ հաստատված չափանիշների, գնահատեց մարզպետերի աշխատանքը, պարզվեց, որ առավելագույն միավորներ է հավաքել Տավուշի մարզը եւ, փաստորեն, Արմեն Ղուլարյանն էլ դարձել է «գերազանցիկ» մարզպետ: Ուշագրավն այն է, որ մարզպետերի աշխատանքի գնահատողները եղել էին ՀՀ նախարարություններն ու կառավարությանն առընթեր որոշ օղակներ` ոստիկանություն, ԱԱԾ, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե: Թե ինչ կերպ է կարողացել Ա.Ղուլարյանը շահել այդ կառույցների համակրանքը, իրեն է հայտնի, բայց որ Տավուշի բնակիչները «անշնորհակալ» ժողովուրդ են, ամենեւին չեն ոգեւորվել իրենց մարզպետի 93.51 միավորից եւ անընդհատ դժգոհում են իրենց դժվար ապրուստից, միանշանակ է: Օրինակ` Բերդ եւ Նոյեմբերյան քաղաքների բնակիչների հետ զրույցներում հաճախակի կարելի էր լսել. «Մեզ համար ո՛չ լավ բան ա արել, ո՛չ վատ: Կարողա իրա հարազատ իջեւանցիների համար մի բան արելա»:Այսպես թեականով էլ մարդը աշխատում է եւ շարունակում իր գործունեությունը: Նրա հարաբերությունները շատ ջերմ են մնում բոլոր ժամանակների վարչապետերի հետ, փաստորեն, բոլորի հետ էլ վարպետորեն կարողանում է իր գործն առաջ տանել: Ակամա հիշում ես «Խաղաղ Դոն» ֆիլմը, երբ իշխանություններն անընդհատ փոփոխվում են, իսկ ծերուկ կազակն ամեն անգամ փոխում է իր գլխարկը, որպեսզի յուրային համարվի:Արմեն Ղուլարյանին ոչ մի դիտողություն, էլ չենք ասում նկատողություն, չի սպառնում: Նույնիսկ այն ժամանակ, երբ հեկտարներով գլխատվել են Տավուշի անտառները, նա երբեւէ պատասխանատվության չի ենթարկվել: Ինչքան էլ ուզում է աղմկեն բնապահպանները, միեւնույն է, Տավուշի մարզպետի կարգավիճակը դրանից չի փոխվում: Քննադատությունն էլ զարմանալիորեն շրջանցում է նրան: Անգամ, երբ վրացիները «կսմթելով» խլում են Տավուշի հողերը, ոչ ոքի մտքով չի էլ անցնում մեղադրանքի սլաքն ուղղել մարզպետի կողմը: Նրա գործերն ընթանում են սահուն ու բնականոն հունով: Կարծես թե այդպես էլ պետք է լինի, եւ այս մարզից դժգոհության ոչ մի ալիք չպետք է հասնի վերադասի ականջին: Մինչդեռ, օրինակ, ՀՀ բնապահպանության նախարարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել, երբ փետրվար ամսին «Հայանտառի» Ճամբարակի անտառտնտեսության թիվ 11 անտառամասից մի քաղաքացի ապօրինի ծառեր էր հատել: Վերջինիս դեմ նաեւ քրեական գործ հարուցվեց:Այդուհանդերձ, Ա.Ղուլարյանն իր մարզպետության երկարուձիգ տարիներին հասցրել է բազմաթիվ չարաշահումներ ու խախտումներ թույլ տալ: ԱԺ Վերահսկիչ պալատը ապօրինության բազմաթիվ դեպքեր է արձանագրել Տավուշի մարզում: Օրինակ` հսկիչ չափագրումների արդյունքում կատարողականներով ցույց են տրվել եւ հաստատվել վճարված, սակայն փաստացի չկատարված շինարարական աշխատանքներ, որոնց ծավալային հավելագրումները կազմել են 63 մլն 421.9 հազ. դրամ: Ա.Ղուլարյանը լավ գիտի իր «գինը», եւ թերեւս այդ պատճառով էլ սխալ հաշվարկված նախահաշվային գումարի արդյունքում 14 մլն 559.7 հազար դրամի աշխատանքների թանկացում է կատարվել: Ու եթե մարզի ղեկավարը մեծ ուշադրություն է դարձնում իր իմիջին, ապա նրա հեչ պետքն էլ չի եղել, երբ անորակ կատարված աշխատանքների գումարը կազմել է 20 մլն 115.9 հազ դրամ: Մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը անհրաժեշտ վերահսկողություն եւ հետեւողականություն չի ցուցաբերել թերությունները եւ խախտումները կանխելու ուղղությամբ: Բավարար միջոցներ չեն ձեռնարկվել մարզի վարչական սահմաններում գործող հանքարդյունահանողների կողմից հողօգտագործման օրինականությունը ապահովելու, հէկ-երի կառուցապատման համար տրամադրված հողամասերը նպատակային օգտագործելու ուղղությամբ: Այս եւ նմանատիպ անհաշիվ չարարաշահումներ են կատարվել մարզպետարանի հարկային, առողջապահական, սոցիալական ոլորտներում, բայց դա չի խանգարում, որ մարզպետը նույն ոգով ու նույն ժպիտով շարունակի իր գործունեությունը: Այստեղ հարկ է արժանին մատուցել նաեւ նրա անկեղծությանը. երբ կառավարությունը տնտեսական ճգնաժամի պայմաններում առաջարկել էր կրճատել մարզպետերին տրվող վառելանյութի գումարը, Ղուլարյանը հանդես էր եկել ինքնախոստովանությամբ եւ ազնվորեն հայտարարել էր. «Թող կրճատեն, մենք էլ կսկսենք ծառայողական մեքենաները քիչ ծառայեցնել սեփական կարիքների համար»: Մեկնաբանությունները թողնելով ընթերցողին` նկատենք, որ Ղուլարյանը մեծ հաջողությամբ շարունակում է իր գործունեությունը Տավուշի մարզում` մնալով «գերազանցիկ» մարզպետ: ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
«ԳԵՐԱԶԱՆՑԻԿ» ՄԱՐԶՊԵՏՆ ՈՒ ՆՐԱ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ