Ինչպես տեղեկացնում է իսպանական AS-ը , կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը նոր պայմանագիր է պատրաստում թիմի արգենտինացի առաջատար Լեո Մեսսիի համար։ Հարձակվողի պայմանագիրը կատալոնական թիմի հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը, սակայն այդ պայմանագրում կա մի կետ, որի շնորհիվ Մեսսին կարող է արդեն առաջիկա ամռանը լքել «Բարսելոնան» եւ անվճար հեռանալ այլ ակումբ։
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտումեուն կցանկանար Մեսսիին առաջարկել «ցմահ» պայմանագիր, ինչը թույլ կտար «կապտանռնագույններին» իրենց թիմում պահել Լեոյին մինչեւ վերջինիս կարիերայի ավարտը։
Նշվում է, որ Մեսսին չի ցանկանում ստորագրել այդպիսի պայմանագիր «Բարսելոնայի» հետ եւ պատրաստ է միայն երկարաձգել այն ընդամենը 1 տարով, այն էլ այնպիսի կետով, որը թույլ կտա իրեն լքել Իսպանիայի գործող չեմպիոնի ճամբարը 2021 թվականի ամռանը։ Բարտումեուն առաջիկայում հանդիպում կունենա Լեո Մեսսիի հոր՝ Խորխե Մեսսիի հետ եւ կքննարկի իր թիմի պատմության լավագույն ռմբարկուի հետ պայմանագրի երկարաձգման բոլոր տարբերակները։
Էդմոն Մարտիրոսյան