Հրաչյա Հակոբյանը վիրավորվել է այն բանի համար, որ իրենց մեղադրում են ԶԼՄ-ները «փակելու» մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2019 հունիսի 19-ին Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի նախագիծը: 114 պատգամավոր օրենքի նախագծին կողմ էին քվեարկել:

Նշենք, որ նախագծով սահմանվում է, որ յուրաքանչյուր հեռուստահաղորդակցության ալիքով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի գովազդ թույլատրվում է ժամը 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ռադիոյով՝ ժամը 08:00-ից մինչեւ 20:00-ն ընկած ժամանակահատվածում: Այդ ժամանակահատվածում գովազդի ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել 3 րոպեն, որը մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երկու անգամից ոչ ավելի, եւ ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել 60 վայրկյանը: Այս օրենքի նախագիծը, կարելի է ասել, մահակ է հայաստանյան ԶԼՄ-ների համար, քանի որ գաղտնիք չէ, որ հայրենի լրատվամիջոցների ֆինանսական աղբյուրը հիմանականում գովազդն է:

Իշխանական մի պատգամավորի օրենքի նախագիծը դեռ չմարսած՝ պարզվում է՝ ԱԺ իմքայլական մեկ այլ պատգամավոր էլ՝ ի դեմս Արտակ Մանուկյանի, որոշել է օրենքի նախագիծ բերել, որն էլ կարգելի վարկային կազմակերպությունների գովազդը լրատվամիջոցներում:

Մանուկյանը համառորեն հրաժարվում է մեկնաբանել իր օրենքի նախագծի իմաստը, երեկ էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ ինքը չի ցանկանում որեւէ բան խոսել, շատ զբաղված է, մեկնաբանություն չի տալու:

Արդեն տեւական ժամանակ է՝ լրատվամիջոցները բարձրաձայնում են, որ իշխանությունների կողմից արդեն երկու օրենքի նախագծերի ընդունմամբ ավելի կամրապնդվի այն դիրքորոշումը, որ նպատակ կա ԶԼՄ-ների փակման: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է իշխանության ներկայացուցիչներից ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ՝ պարզելու համար, թե իրենք ինչպես են վերաբերվում ԶԼՄ-ների այն հայտարարությանը, որ նպատակ կա ամեն գնով լրատվամիջոցների աշխատանքները խաթարել:

-Պարո՛ն Հակոբյան, նախ խնդրում եմ նշեք, թե ինչու էիք նախօրեին կոչ արել, որ բուքմեյքերական ընկերությունները համացանցում այս ժամանակահատվածում գովազդներ չիրականացնեն, ի՞նչն է Ձեզ անհանգստացնում, ի՞նչ մտահոգող տեղեկություն ունեք, քանի որ ձեր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարել է, որ ՀՀ-ում արտակարգ դրության հայտարարումից հետո մարդիկ սկսել են տանից խաղադրույքներ կատարել:

-Ես նման տեղեկություն չունեմ, որ մարդիկ սկսել են շատ խաղալ, պարզապես նկատել եմ, որ այդ ընկերություններն այս ժամանակահատվածն օգտագործում են, գովազդ են անում, ինչը, կարծում եմ, տեղին չէ այս պահի դրությամբ, մարդկանց ասեն՝ մնա տունը, տանից դուրս մի՛ արի, ու առաջարկեն իրենց ծառայությունները: Իմ կոչը դրան է վերաբերում, որպեսզի այս պահը չօգտագործեն իրենց բիզնես շահերի համար: Կայքերը չեմ նայել, որպեսզի հասկանամ այդ գովազդները դրված է, թե չէ, բայց անպայման կհետեւեմ՝ հասկանալու համար, թե ինչ է փոխվել:

-Դեռեւս անցած տարի Ձեր նախաձեռնությամբ ժամանակահատված սահմանվեց ԶԼՄ-ներով բուքմեյքերական ընկերությունների գովազդի արգելման վերաբերյալ, որը, կարելի է ասել, մահակ դարձավ շատ լրատվամիջոցների համար, հիմա էլ նման առաջարկություն ունի ձեր խմբակցության պատգամավորը: Ըստ տեղեկությունների՝ իշխանությունները նպատակ ունեն նման օրենքներով փակել ԶԼՄ-ները, դրա մասին բարձրաձայնել են նաեւ ռադիոյի եւ հեռուստաընկերությունների սեփականատերերը: Ինչո՞ւ եք նման քայլերի դիմում:

-Ես ժամանակին որ նման նախագիծ էի պատրաստում, խոսել եմ ԶԼՄ ներկայացուցիչների հետ ու իրենց փաստերն ընդունել եմ, որ իրենք այսօր կախված են այդ գովազդներից: Իրենք ասում էին, որ եթե գովազդները չլինեն այդ ընկերությունների, ապա ռադիոները, հեռուստաընկերությունները կփակվեն, ես հասկացել եմ, ընդառաջել եմ իրենց ու թողել եմ, մնացել է: Մենք, միմյանցից փոխադարձ շատ շնորհակալ լինելով, բաժանվել ենք, հիմա էլ եկել է Արտակ Մանուկյանի նոր օրենքի նախագիծը:

Ի դեպ, ասեմ՝ դեռեւս չեմ ծանոթացել նախագծին, կրկին բողոք կա, թե իշխանությունները լծվել են ԶԼՄ-ների փակման գործընթացին: Ես ասել եմ ու շարունակում եմ կրկնել, որ դա շատ վատ գործելաոճ եմ համարում: Ես էլ եմ այս իշխանության ներկայացուցիչ. եթե մենք լծված լինեինք այդ գործընթացին, ապա իմ նախագծում ես նման փոփոխություններ չէի կատարի ԶԼՄ ներկայուցուցիչների հետ հանդիպումից հետո: Ու մոռանալով դա՝ կրկին նման հայտարարություն անելը ես արդար չեմ համարում: Այո, ես իշխանության ներկայացուցիչ եմ, բայց ես ԶԼՄ փակելու գործին լծված չեմ:

-Նույնը վերաբերում է Ձեր խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի նախագծին, որը որեւէ կերպ չի ցանկանում մենկաբանել Մանուկյանը:

-Մանուկյանի հետ այդ նախագիծը չեմ քննարկել, ուղղակի, հավատացե՛ք, ինձ համար անընդունելի է նման հայտարարությունները, թե մենք ցանկանում ենք ԶԼՄ-ները փակել: Դեռեւս պետք է խորհրդարանում Մանուկյանի նախագիծն էլ քննարկել, ու հիմա հայտարարել, թե մենք լծված ենք ԶԼՄ փակելու գործով, կներեք, բայց դա շանտաժի է նմանվում: Երբ ես իմ նախագիծը քննարկեցի, ընդառաջեցի, հիմա էլ այս նախագծի վերաբերյալ կրկին նույն բովանդակությամբ հայտարարություններ անելը արդար չէ: Հավատացեք, ես քննարկումներ ունեցել եմ, բոլորին լսել եմ ու ընդառաջման գնացել եմ: Իշխանությունը ցանկանում է օրենսդրական նախաձեռնություններով դաշտերը կարգավորել եւ ոչ թե ինչ-որ մի բան փակել: Դա մեր ոճը չի:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս