Հարց քաղաքացիներից՝ ինչպե՞ս է կատարվում ասպիրանտուրայի ընդունելությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․ Ինչպե՞ս է կատարվում ասպիրանտուրայի ընդունելությունը բուհերում:

Երանուհի Սարգսյան (34 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Սարգսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ մրցութային կարգով ասպիրանտուրա են ընդունվում մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան, իսկ բժշկական մասնագիտություններով՝ բժշկի որակավորում, կլինիկական ուղղվածությամբ բժշկական մասնագիտությունների դեպքում՝ բժիշկ-մասնագետի որակավորում ունեցողները:

Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է հաստատության ղեկավարի անունով՝ կցելով հետեւյալ փաստաթղթերը՝

1) բակալավրի եւ մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ՝ նրանց կրթության համարժեքության մասին),

2) օտար լեզու եւ ինֆորմատիկա ու տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),

3) ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում,

4) ինքնակենսագրություն եւ երեք լուսանկար (3 x 4 չափսի),

5) քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

«ԺՈՂՈՎՈւՐԴ». Նշենք, որ մասնագիտական քննության արդյունքները գնահատվում են 20 միավորանոց սանդղակով: Քննությունը համարվում է հանձնված, եթե դրմորդը ստացել է առնվազն 13 միավոր: Գիտելիքների գնահատման մասին որոշումն ընդունվում է հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից նշանակված գնահատականների միջին թվաբանականի հիման վրա:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս