Եթե Լեոն չնվաճի Աշխարհի գավաթը, ապա ֆուտբոլը անարդար կլինի. Մեսսիի ընկեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պաչուկայի» դարպասապահ Օսկար Ուստարին, ով ընկերական հարաբերությունների մեջ է Արգենտինայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիի հետ, խոսել է ազգային թիմում Մեսսիի ելույթների մասին եւ նշել, որ ֆուտբոլը անարդար խաղ կհամարվի, եթե Լեոն չտիրանա Աշխարհի գավաթին.

«Ես համոզված եմ, եթե Մեսսին չդառնա Աշխարհի չեմպիոն, ապա ֆուտբոլը անարդար կլինի: Կասկածել անգամ չի կարելի ազգային թիմում նրա նվիրվածությանը, դա անգամ վիրավորական է: Դուք կարող եք իմանալ կամ չիմանալ նրա մասին ներթիմային պատմություններ, բայց ես կասեմ` Արգենտինայի հավաքականի պարտությունից հետո տեսել եմ Լեոյին, ով արտասվում էր ինչպես երեխա:

Հիշում եմ` 2011 թվականին Ամերիկայի գավաթի խաղարկությունում, երբ ես բուժվում էի ծնկահոդի վնասվածքից, Արգենտիան պարտվեց եւ դուրս մնաց պայքարից: Ես գնացի Էսեյսա, որ տեսնեմ Մեսսիին: Այդքան ճնշված ես դեռ Լեոյին չէի տեսել»,- Ուստարիի խոսքերն է փոխանցում Ole-ն:

Հիշեցնենք, որ 2011 թվականին կայացած Copa America-ում Արգենտինան պայքարից դուրս մնաց 1/4 եզրափակչում, որտեղ 11մ հարվածաշարում 4:5 հաշվով զիջեց մրցաշարի ապագա չեմպիոն Ուրուգվային: Ուրուգվայը եզրափակչում 3:0 հաշվով պարտության մատնեց Պարագվային եւ դարձավ Ամերիկայի գավաթի հաղթող:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս