COVID-19-ը կարող է եւս մեկ ցավոտ «հարված» հասցնել «Յուվենտուսին». Ռոնալդուն պատրաստ է փոխել ակումբային գրանցումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

COVID-19 կորոնավիրուսը դեռ չի նահանջում։ Համաճարակը միանշանակ իր հուժկու հարվածները կհասցնի բոլոր պետությունների տնտեսություններին։ Կորոնավիրուսի հարվածներից չի խուսափել նաեւ համաշխարհային սպորտը, իսկ բոլոլ սպորտաձեւերից հզորագույնը՝ ֆուտբըռո, այս ամենից կտուժի ամենաշատը։ Արդեն հետաձգվել են բոլոր խոշոր մրցաշարերը, դադարեցված են գրեթե բոլոր առաջնությունները․ թիմերը չունեն եկամուտներ, սակայն պետք է աշխատավարձներ վճարեն իրենց ֆուտբոլիստներին եւ ակումբի աշխատակիցներին։ Այս ամենը լուրջ ֆինանսական ճգնաժամի առաջ կկանգնեցնի գրանդներին, իսկ մյուս ակումբներին, հնարավոր է, հասցնի սնանկացման եզրին։

ՖԻՖԱ-ն ֆուտբոլը ֆինանսական ճգնաժամից փրկելու համար ֆուտբոլիստներին կխնդրի որոշ ժամանակ հրաժարվել իրենց աշխատավարձների 50%-ից, որն էլ կարող է ակումբներին փրկել գերխոշոր տույժերից։ Ստեղծված ճգնաժամը ամենավատը կարող է անդրադառնալ Իտալիայի գործող չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» վրա։ «Ծեր սինյորան» միայն միլիոնների տույժ չէ, որ կարող է կրել այս ընթացքում. Diario GOL-ը վստահեցնում է՝ «Յուվենտուսի» պորտուգալացի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն կլքի թիմը առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Եթե հետագայում «Յուվենտուսը» այս ընթացքում կրած վնասները կարող է հետ բերել Կրիշտիանու Ռոնալդուի միջոցով, ապա նրա հեռանալու դեպքում թուրինյան գրանդում կարող է տիրել ճգնաժամը։ Ե՛ւ ֆինանսապես, ե՛ւ խաղային առումով Ռոնալդուի բացակայությունը վատ կանդրադառնա թիմի վրա։ Իսկ ինչու՞ է Կրիշտիանուն ցանկանում հեռանալ. աղբյուրը շատ պարզ բացատրում է՝ Իտալիան կորոնավիրուսի գլխավոր օջախն է Եվրոպայում, եւ եթե եվրոպական մյուս թոփ առաջնությունները հույսեր փայփայում են գոնե հաջորդ մրցաշրջանն անցկացնել բնականոն հունով, ապա Իտալիայում նույնիսկ դա է կասկածելի։

 

Պորտուգալացի գոլահարը արդեն 35 տարեկան է եւ քիչ-քիչ մոտենում է կարիերայի մայրամուտին։ Կրիշտիանուն ձգտում է ստանալ 6-րդ «Ոսկե գնդակը» եւ կրկին տիրանալ Չեմպիոնների լիգային։ Ֆուտբոլ չխաղալով՝ դա անհնար է իրականացնել, եւ եթե առաջիկայում կորոնավիրուսը չնահանջի, Ռոնալդուին կարող ենք տեսնել այլ թիմի մարզաշապիկով։ Նույն Diario GOL-ը հայտնում է, որ մի շարք գրանդներ արդեն սկսել են պայքարել Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուի տրանսֆերի համար։ Անգլիական «Մանչեստեր Յունայթեդը»՝ Ռոնալդուի նախկին ակումբը, շատ է ցանկանում իր երբեմնի առաջատարին վերադարձնել «Օլդ Տրաֆորդ»։ Կրիշտիանուին անգլիական ակումբ տեղափոխվելու գաղափարը դուր է գալիս, սակայն պորտուգալացին դա քննարկման սեղանին կդնի միայն այն ժամանակ, եթե Ուլե Գունար Սուլշերի թիմը վաստակի Չեմպիոնների լիգային մասնակցելու իրավունք։

Ռոնալդուի հաջորդ հավանական գնորդը ֆրանսիական ՊՍԺ-ն է։ Առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում փարիզյան ակումբը կարող են լքել առաջատարներ Նեյմարն ու Կիլիան Մբապեն, այդ դեպքում ՊՍԺ-ն «կաստղազրկվի» եւ կփորձի գտնել Փարիզի նոր «արքային»։ Կրիշտիանու Ռոնալդուի մասին ՊՍԺ-ի շեյխերը երկար ժամանակ է, ինչ երազում են, եւ հարմար առիթը պորտուգալացուն «առեւանգելու» հաստատ բաց չեն թողնի։ Ամեն դեպքում, գոլահարը բազմիցս է մերժել ֆրանսիական ակումբին, եւ քիչ հավանական է, որ մի օր կտեղափոխվի Ֆրանսիայի գործող չեմպիոնի ճամբար։ Ռոնալդուի տրանսֆերի համար կատաղի պատերազմի մեջ է ընդգրկված նաեւ Մադրիդի «Ռեալը»։ Այո, «Արքայական ակումբը» ցանկանում է վերադարձնել իր պատմության լավագույն ռմբարկուին։ Իսպանական պարբերականները նշում են, որ Ռոնալդուն եւ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հասկացել են միմյանց եւ այժմ ջերմ հարաբերությունների մեջ են։ Պերեսը արդեն հասկացել է իր սխալը եւ ցանկանում է վերադարձնել պորտուգալացուն։ Ամիսներ առաջ էլ Կրիշտիանուի մտերիմ ընկերներից մեկ էր հայտարարել, որ Ռոնալդուն կարոտում է Մադրիդը, իսկ այն փաստը, որ պորտուգալացին ոչ միայն ներկա գտնվեց «Սանտիագո Բերնաբեուում» կայացած «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» սուպերկլասիկոյին, այլ նաեւ մտավ մադրիդյան թիմի հանդերձարան ու ոգեւորեց իր նախկին թիմի ֆուտբոլիստներին, խոսում է այն մասին, որ «Մադրիդի պատմության» վերադարձը այդքան էլ անհավանական չէ։


Ստեղծված իրավիճակին լավագույնս փորձում է արձագանքել Թուրինի «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին, ով արդեն իր թիմի առաջատարին առաջարկել է երկարաձգել գործող պայմանագիրը եւս 2 տարով ։ Ռոնալդուի ներկայիս պայմանագիրը թուրինյան հսկայի հետ լրանում է 2021 թվականի ամռանը։ Կրիշտիանուն դեռես չի տվել իր համաձայնությունը, ինչն էլ ավելի է թեժացնում նրա հեռանալու մասին խոսակցությունները։

Այսպիսով, COVID-19 կորոնավիրուսի տարածումը կարող է ամենավատ եւ դաժան ազդեցությունը թողնել Սկուդետոյի ներկայիս տիրակալի՝ «Յուվենտուսի» վրա։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն դեռ չի վերադարձել Մադեյրայից եւ մեկուսացած է ընտանիքի հետ միասին։ «Յուվենտուսում» COVID-19-ով վարակված են Դանիելե Ռուգանին, Բլեյզ Մատյուիդին եւ Պաուլո Դիբալան։
Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 80,589-ի, որոնցից մահացել են 8,215-ը, իսկ բուժվել՝ 10,361-ը։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս