Ըստ Մորատիի՝ Մեսսին այլեւս անհասանելի չէ «Ինտերի» համար․ օրվա թոփ 5 տրանսֆերային լուրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալն» ու կատալոնական «Բարսելոնան» լուրջ խնդիրների են բախվում։ Գրանդների գլխավոր տրանսֆերային նպատակները կարող են չիրականանալ, քանի որ COVID-19 կորոնավիրուսի տարածումը խառնել է բոլորի խաղաքարտերը։ «Բարսելոնան» ոչ միայն չի կարողանում համաձայնության գալ Նեյմարի ու Մարտինեսի տրանսֆերների շուրջ, այլ նաեւ կարող է կորցնել թիմի առաջատար Լեո Մեսսիին։ArmLur.am-ը առաջարկում է ծանոթանալ տրանսֆերային վերջին նորություններին( գլխավոր 5-ին անդրադարձել ենք ավելի մանրամասն)։

«Ինտերը» մերժել է «Բարսելոնայի» հերթական առաջարկը

Միլանի «Ինտերը» չի պատրաստվում հեշտ բաժանվել թիմի աստղային հարձակվող Լաուտարո Մարտինեսից։ Ինչպես տեղեկանցում է Mundo Deportivo-ն ՝ «ներաձուրիների» ղեկավարությունը մերժել է «Բարսելոնայի» հերթական առաջարկը։ Կատալոնացիները առաջարկել են Մարտինեսի տրանսֆերի դիմաց հակառակ ուղղությամբ ուղարկել թիմի ֆուտբոլիստներ Ժունիոր Ֆիրպոյին եւ Նելսոն Սեմեդուին։ Նշվում է, որ «Բարսելոնան» այս պահին պատրաստ չէ վճարել Մարտինեսի համար պահանջվող 111մլն եվրոն։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մարտինեսը հրաժարվել է «Ինտերի» հետ կնքել նոր պայմանագիր եւ ցանկանում է տեղափոխվել Կատալոնիայի մայրաքաղաք, քանի որ այնտեղ հանդես է գալիս իր հայրենակից Լեո Մեսսին։

«Ինտերի» հարձակման գծի առաջատարներից մեկով հետաքրքրված են նաեւ «Չեսլին» եւ «Մանչեստեր Սիթին»։
Արգենտինացի ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում «Ինտերի» կազմում բոլոր մրցաշարերում մաասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 16 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ։
Լաուտարոյի պայմանագիրը միլանյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին։

Նեյմարն ու Մբապեն ՊՍԺ-ում կմնան առնվազն 1 մրցաշրջան եւս

Ֆրանսիական ՊՍԺ-ն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի պատրաստվում վաճառել թիմի առաջատարներ Նեյմարի եւ Կիլիան Մբապեի տրանսֆերներ, հաղորդում է L’Équipe-ն։ Սպասվում է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ստեղծված ճգնաժամը կնպաստի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների զգալի նվազմանը։ Այդ պարագայում փարիզյան թիմի ղեկավարությունը ամեն ինչ կանի իր ամենաթանկ ֆուտբոլիստներին թիմում պահելու համար, քանի որ չի պատրաստվում նրանցից բաժանվել քիչ գումարների դիմաց։ Այսպիսով, Մբապեն եւ Նեյմարը ստիպված կլինեն «Սիրո մայրաքաղաքում» մնալ առնվազն մեկ տարի եւս։
Հիշեցնենք, որ Նեյմարը ցանկանում է վերդառնալ կատալոնական «Բարսելոնա», սակայն նրա բարձր տրանսֆերային արժեքը մեծ խնդիր է գործարքի կայացման համար։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն բաց է բանակցությունների համար եւ նույնիսկ ցանկանում է, որ գործարքի մեջ ներառվի «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։

Ամեն դեպքւմ, կատալոնական ակումբը կշարունակի ջանքեր գործադրել ՝ առաջիկա ամռանը Նեյմարին «կապտանռնագույն» ճամբար բերելու համար։

Հիշեցնենք, որ Նեյմարը «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 2013-ից 2017 թվականների ընթացքում։ Բրազիլացին Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 13 գոլի եւ 6 գոլային փոխանցման հեղինակ։
Կիլիան Մբապեի անունն էլ շատ է կապվում իսպանական մյուս գրանդի ՝ Մադրիդի «Ռեալի» հետ։ Մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ամենաշատն է շահագրգռված Կիլիանի տրանսֆերի կայացմամբ։
Մբապեն Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 18 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ եւ «Մոնակոյի» հարձակվող Վիսամ Բեն Յեդերի հետ գլխավորում է առաջնության ռմբարկուների ցուցակը։

Պոլ Պոգբան ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»․ մանչեստերյան ակումբը գտել է նրա փոխարինողին

Անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենայն հավանականությամբ կլքի Մանչեստերը։ Ինչպես տեղեկացնում է իսպանական AS-ը՝ Պոգբան ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ» եւ հանդես գալ Զինեդին Զիդանի գլխավորությամբ։ Նշվում է, որ անգլիական ակումբը կվաճառի Պոգբային, քանի որ վերջինիս պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի ամռանը։

«Յունայթեդում» հաստատ գիտեն, որ ֆրանսիացին չի երկարաձգի պայմանագիրը եւ նրան թիմում ստիպողաբար պահելու պարագայում թիմը ստիպված կլինի զրկվել մեծ գումարներից, քանի որ Պոլը 2021 թվականին «մանկունյանցիների» ճամբարը կլքի ազատ գործակալի կարգավիճակով։ Անգլիական մի շարք հեղինակավոր պարբերականներ պնդում են, որ «Կարմիր Սատանաների» ղեկավարությունը ծրագրում է Պոգբայի վաճառքից ստանալ 100մլն եվրո, որից 70մլն-ը կտրամադրի «Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշին ձեռքբերելու համար։

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստվում է «բեռնաթափել» թիմը

Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է բաժանվել թիմի միանգամից 7 ֆուտբոլիստներից։
Իսպանական AS-ը տեղեկացնում է, որ մադրիդյան ակումբի նման որոշումը կապված է ֆուտբոլիստների աշխատավարձերը կրճատելու հետ։ Մադրիդյան թիմը պատրաստվում է հրաժարվել Խամես Ռոդրիգեսի, Գարեթ Բեյլի, Մարիանո Դիասի, Խեսուս Վալյեխոյի, Դանի Սեբալյոսի, Բրահիմ Դիասի եւ Ալվարո Օդրիոսոլայի ծառայություններից։ «Արքայական ակումբը» ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա այս տարի ծախսել է 282մլն եվրո եւ, եթե նրանց հաջողվի վաճառել այս բոլոր խաղացողներին, ապա թիմը կխնայի 75մլն եվրո։
Հիշեցնենք, որ Գարեթ Բեյլի եւ Խամես Ռոդրիգեսի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է անգլիական «Էվերտոնը»։ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ով այժմ մարզում է «Էվերտոնը» ամեն ինչ կանի իր նախկին ֆուտբոլիստներին մերսիսայդյան ճամբար տեղափոխելու համար։ Խամեսին իրենց կազմում ցանկանում են տեսնել նաեւ «Արսենալն» ու «Վուլվզը», իսկ Բեյլին՝ «Տոտենհեմը»։

Ալվարո Օդրիոսոլան այժմ վարձակալական հիմունքներով հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայի» կազմում եւ դեռեւս պարզ չէ արդյո՞ք գերմանական ակումբը կցանկանա ձեռք բերել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը։ Թիմի իսպանացի կիսապաշտպան Դանիել Սեբալյոսն էլ վարձակալական հիմունքներով Լոնդոնի «Արսենալում» է։ Նրա ապագան անգլիական ակումբում նույնպես մշուշոտ է։ «Սերուցքայինների» վաճառքի ենթակա ֆուտբոլիստներից մյուսն էլ ՝ Խեսուս Վալյեխոն է, ով այժմ իսպանական «Գրանադայում» է։ Ֆուտբոլիստը առաջնության առաջին հատվածը անցկացրեց անգլիական «Վուլվզի» կազմում, սակայն չարդարեցրեց թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Նունու Էշպիլիտու Սանտուի սպասելիքները։

Կարծում եմ ՝ «Ինտերն» աշխատում է Մեսսիի տրանսֆերն իրականացնելու վրա․ Մասիմո Մորատի

Իտալական «Ինտերի» նախկին նախագահ Մասիմո Մորատին խոսել է իր նախկին թիմի տրանսֆերային նպատակների մասին եւ նշել, որ շատ հնարավոր է ակումբը առաջիկայում կարողանա ձեւակերպել կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսիի տրանսֆերը․« Կարծում եմ՝ Մեսսին այլեւս արգելված երազանք չէ «Ինտերի» համար։ Կարծում եմ, որ «Ինտերի» ղեկավարությունը քայլեր է ձեռնարկում Մեսսիին թիմ հրավիրելու համար եւ փորձեր սկսել է անել նախքան այս դադարը։ Չգիտեմ ՝ ներկայիս իրավիճակն ինչպես կանդրադառնա «Ինտերի» այդ նպատակի վրա, սակայն մտածում եմ՝ կա հնարավորություն, որ այս մրցաշրջանի վերջում կտեսնենք շատ տարօրինակ բաներ»,-Մորատիի խոսքերն է փոխանցում Ջանլուկա Դի Մարցիոն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին պատրաստ չէ երկարաձգել պայմանագիրը կատալոնական թիմի հետ ու ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։

Մեսսին Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 19 գոլի եւ 12 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՅԼ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ՝

«Վուլվերհեմփտոնը» Ադամա Տրաորեի դիմաց պահանջում է 70մլն եվրո։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։

Ջեսի Լինգարդը որոշել է մնալ «Մանչեստեր Յունայթեդում»։ Ֆուտբոլիստի համար պայքարում էին «Արսենալն» ու «Էվերտոնը»։

Վիլիանը ամենայն հավանականությամբ կհեռանա «Չելսիից» նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Տոտնհեմն» ու «Յուվենտուսը»։

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ցանկանում է թիմում պահել Քրիս Սմոլինգին։ Նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեստեր Յունայթեդին»։

Գաբրիել Բարբոսան հնարավոր է վերադառնա «Ինտեր»։ «Գաբիգոլը» միլանյան թիմում դիտարկվում է Լաուտարո Մարտինեսին փոխարինող։

«Լիվերպուլը», «Մանչեստեր Յունայթեդն» ու «Բորուսիա Դորտմունդը» միացել են «Վալենսիայի» ֆուտբոլիստ Ֆերրան Տորեսի համար մղվող պայքարին։ Նրանով հետաքրքրված է նաեւ «Յուվենտուսը»։

ՊՍԺ-ի պաշտպան Տոմա Մենյեն հայտնվել է «Բորուսիա Դորտմունդի» ուշադրության կենտրոնում։ «Բորուսիան» դեռեւս չի պատրաստվում սկսել բանակցությունները։

«Գալատասարայի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն կարող է տեղափոխվել կամ «Ալ – Սադ» կամ «Ալ-Հիլալ»։ Նրա տրանսֆերը գնահատվում է 14 լն եվրո։
«Ռոման» հետեւոմ է «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարիո Գյոտցեի շուրջ զարգացող իրադարձություններին։

«Տոտենհեմի» պաշտպան Սերժ Օրյեն դժգոհ է լոնդոնյան թիմում իր կարգավիճակից եւ ցանկանում է վերադառնալ ՊՍԺ։

«Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան կերկարաձգի պայմանագիրը գերմանական ակումբի հետ։ Կողմերի միջեւ գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին։ Այն կերկարաձգվի եւս 2 տարով։

Բրազիլական «Սան Պաուլուի» հարձակվող Ալեշանդրե Պատուն հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ Եվրոպա։ Նա ժամանակին եվրոպական թիմերից հանդես է եկել «Միլանի», «Չելսիի» եւ «Վիլյառեալի» կազմում։

«Կալյարին» ամեն ինչ կանի Ռաջա Նաինգոլանին թիմում պահելու համար։ Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են Միլանի «Ինտերին»։ «Կալյարին» Ռաջայի դիմաց պատրաստ է «Ինտերին» առաջարկել թիմի ֆուտբոլիստ Նահիտան Նանդեսի ծառայությունները։

Թուրինի «Յուվենտուսը» պատրաստ է բաժանվել թիմի բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչից։ Իտալական ակումբը նրա դիմաց պահանջում է 50մլն եվրո։ «Յուվենտուսի» «սեւ ցուցակում են» հայտնվել նաեւ Դուգլաս Կոստան, Ադրիեն Ռաբյոն եւ Գոնսալո Հիգուայինը։

«Բարսելոնան» չի պատրաստվում հրաժարվել Անտուան Գրիզմանից։ Ֆուտբոլիստը նույնպես ցանկանում է մնալ կատալոնական ակումբում։

«Արսենալը» թիմ կհրավիրի «Բորնմութի» ֆուտբոլիստ Ռայան Ֆրեյզերին։«Մանչեստեր Յունայթեդը» նույնպես հետաքրքրված է ֆուտբոլիստով, սակայն այս պայքարում ֆավորտը լոնդոնյան ակումբն է։

«Լեսթեր Սիթիի» պաշտպան Չագլար Սենջուն պատրաստ է մերժել «Մանչեստեր Սիթիին» եւ մնալ «աղվեսների» ճամբարում։ Ֆուտբոլիստի մասին մտածում են նաեւ «Բարսելոնայում»:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս