Թոփ-5 լիգաներ. Բունդեսլիգան կվերադառնա, Պրեմիեր լիգան եւ Լա լիգան կարող են չեղարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլային գրեթե բոլոր առաջնությունները դեռեւս շարունակում են մնալ դադարեցված։ Ֆուտբոլային գերատեսչությունների եւ ազգային ֆեդերացիաների ղեկավարները շարունակում են ելքեր փնտրել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Հիմա անդրադառնանք թոփ 5 լիգաներին, որտեղ Գերմանիայի Բունդեսլիգան է վերադառնալու շեմին։

Որոշակի դադարից հետո արդեն նշմարվում է համաշխարհային ֆուտբոլի թոփ լիգաներից մեկի վերադարձը։ Գերմանիայի Բունդեսլիգան թոփ 5 լիգաներից ֆուտբոլային խաղադաշտ կվերադառնա առաջինը։ Այս մասին վստահեցնում է Bild-ը, որը տեղեկացնում է, որ առաջնության կազմակերպիչները շատ լուրջ ծրագիր են կազմել լիգան անվտանգ ավարտին հասցնելու համար։ Ըստ աղբյուրի՝ մարդկանց ընդհանուր թիվը մարզադաշտում չի գերազանցի 239-ը։ Այդ քանակի մեջ են մտնում նաեւ թիմերի ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբները։ Հանդիպումներին տրիբունայից հնարավորություն կունենան հետեւել 30 լրագրող, իսկ հեռուստատեսության ներկայացուցիչների թիվը կկազմի 39 հոգի։ Կկրճատվի նաեւ բոլբոյների քանակը՝ 12-ից հասնելով 4-ի։

Առաջնության վերսկսման սկզբնական շրջանում հանդիպումները կանցկացվեն առանց երկրպագուների. նրանց մուտքը կթուլատրվի միայն այն ժամանակ, երբ COVID-19 կորոնավիրուսը վերջնականապես կլինի վնասազերծված։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Գերմանիայի Բունդեսլիգան կվերսկսվի ապրիլի 30-ից։
Իտալիայի Ա սերիայում հետաձգված հանդիպումները նույնպես կկայանան։ Դեռեւս 1 շաբաթ առաջ Իտալիան Եվրոպայում կորոնավիրուսի օջախն էր, սակայն համաճարակը Ապենինյան թերակղզում արդեն սկսել է նահանջել։ Այդ փաստը, իհարկե, լավ անդրադարձ կունենա նաեւ ֆուտբոլի վրա։ Եթե ժամանակ առաջ խոսվում էր այն մասին, որ Ա սերիան կարող է չեղարկվել, ապա հիմա դա ամենաանհավանականն է թվում։

Ինչպես Բունդեսլիգայում, այնպես էլ Ա սերիայում, սզբնական շրջանում հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների։ Սակայն, ի տարբերություն Գերմանիայի, Ա սերիայում հանդիպումների վերսկսման նախնական ժամկետը մայիսի 17-ն է։ Շատ են խոսակցությունները, որ Ա սերիայի ղեկավարները կարող են գնալ առաջնության ձեւաչափի փոփոխության, սակայն դա քիչ հավանական է։ Ըստ ամենայնի՝ ակումբները հանդիպումները կանցկացնեն շատ նեղ գրաֆիկով՝ հանդիպումներ անցկացնելով ամեն 3 օրը մեկ։

Թոփ առաջնություններից ամենաանհասկանալի վիճակում գտնվում է երեւի Իսպանիայի Լա լիգան։ Իսպանիայում կորոնավիրուսը նոր թափ է գրանցել։ Այնտեղ վարակվածների թիվը գերազանցում է 140․000-ը։ Իսպանիան COVID-19-ով վարակվածների թվով արդեն գերազանցել Իտալիայի ցուցանիշը։ Այս պարագայում ուղղակի անհնար է հավատալ, որ Լա լիգան կվերադառնա առաջիկայում։ Առաջնության ամենահավանական ճակատագիրը վերջնականապես չեղարկումն է։ Ավելի վաղ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը հայտարարել էր, որ առաջնության չեղարկման պարագայում Լա լիգան կմնա առանց չեմպիոնի։ Անգլիայի Պրեմիեր լիգան նույնպես հնարավոր է չշարունակվի։ Այս մասին տեղեկացրել է իտալական «Ուդինեսեի» սպորտային տնօրեն Պիերպաոլո Մարինոն, ում հայրը՝ Ջամպաոլո Պոցոն, հանդիսանում է անգլիական «Ուոտֆորդի» սեփականատեր:

«Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն որոշում է կայացրել մրցաշրջանն ավարտելու մասին՝ չնայած ՈՒԵՖԱ-ի կողմից հնարավոր պատժամիջոցներին: Անգլիայի Պրեմիեր լիգայում պատրաստվում են նման հայտարարություն անել, քանի որ այնտեղ իրավիճակը շատ ավելի լուրջ է դառնում: Ես, անկեղծ ասած, պարզապես հույս ունեմ, որ կորոնավիրուսից հետո կկարողանանք կրկին վայելել ֆուտբոլը: Մենք պետք է դուրս գանք այս վտանգավոր իրավիճակից: Ես անհանգստանում եմ ոչ թե ընթացիկ մրացաշրջանի համար, այլ հաջորդների»,- ասել է Մարինոն։

Պրեմիեր լիգայի առաջատարը «Լիվերպուլն» է, որը 2-րդ տեղում գտնվող «Մանչեստեր Սիթիից» առաջ է 25 միավորով։ Եթե առաջնությունը դադարեցվի վերջնականապես, ապա կչեղարկվեն նաեւ արդյունքները, եւ «Լիվերպուլը», ում պաշտոնապես Անգլիայի չեմպիոն հռչակվելու համար հարկավոր է ընդամենը 6 միավոր, կզրկվի Պրեմիեր լիգայի իր առաջին գավաթից։ Նման որոշումը, իհարկե, անարդար կլինի, սակայն դա ամենահավանական տարբերակն է լիգայի դադարեցման պարագայում։ Ստեղծված իրավիճակի մասին իր մեկնաբանությունն է տվել մերսիսայդցիների առաջատարներից մեկը՝ Սադիո Մանեն: «Ես կհամակերպվեմ ցանկացած որոշման հետ։ Ես ինձ դեռ չեմպիոն չեմ համարում, եւ եթե ղեկավարները որոշեն չեղարկել առաջնության արդյունքները, ապա մենք կփորձենք հաղթել տիտղոսը արդեն մյուս մրցաշրջանում»,-ասել է սենեգալցին։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում համաճարակով վարակվածների թիվը հասնում է 60․000-ի։ Այստեղ անհանգստանալու առիթ է տալիս հիվանդությունից բուժվողների քանակը, որը չի հասնում անգամ 200-ի։
Դեռեւս պարզ չէ՝ ինչ ճակատագիր կունենա Ֆրանսիայի առաջնությունը։ Ֆրանսիայում դեռեւս համբերում են եւ մտածում են, որ կկարողանան ֆուտբոլը վերադարձնել մայիսի սկզբին։ Այստեղ առաջնությունը չեղարկելու մասին լուրեր չկան, սակայն վերսկսելու մասին՝ նույնպես։

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է գրեթե 110․000-ի, մահացածների թիվը մոտ է 20․000-ին, իսկ բուժվածների թիվը գերազանցում է 10․000-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ՈՒԵՖԱ-ն եվրագավաթներին թույլ չի տա մասնակցել այն երկրների թիմերին, որոնք ներքին առաջնությունները կթողնեն անավարտ։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս