Ինչ խախտումներ են մատնանշել Եսայանները․ երկու կողմերի «առերեսման» օրը հայտնի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը որոշում է կայացրել   «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ղեկավարի՝ գլխավոր տնօրենի փոփոխության պետական գրանցման հետ կապված իրականացնել լսումներ և կասեցնել գրանցման ժամկետի ընթացքը 20 օրով:

Բանն այն  է, որ 2020 թվականի ապրիլի 16-ին Արա Խաչատրյանի կողմից դիմում է ստացվել՝ գլխավոր տնօրենի փոփոխության պետական գրանցում կատարելու վերաբերյալ։ Ընդ որում, Արա Խաչատրյանի կողմից դիմումում ներկայացվել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Սակայն նույն օրը մուտքագրվել է նաեւ Ալեքսանդր Եսայանի դիմումը, որով հայտնում է, որ ինքը ևս հանդիսանում է տնօրենների խորհրդի անդամ և ընկերության բաժնետեր։ Նա մասնավորապես հայտնել է, որ ապրիլի 14-ին տեղի ունեցած նիստը, որը գումարվել է Գուրգեն Խաչատրյանի նախաձենությամբ, իրականացվել է բազմաթիվ իրավական խախտումներով։

Մասնավորապես, Եսայանը մեջբերել է Ընկերության տնօրենների խորհրդի կանոնակարգի դրույթները եւ ընդգծել, թե դրանցից մի քանիսը չեն պահպանվել։ Եվ նա ինքն է խնդրե հրավիրել լսումներ։

ArmLur.am-ն արդեն գրել էր, որ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին»  ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը սահմանում է, թե ինչ է արվում, երբ նույն ընկերության կողմից տարբեր դիմումներ են առկա։ «Գրանցման գործընթացում իրականացվում են լսումներ, երբ առկա է այլ անձի գրավոր դիմում կամ հաստատված աղբյուր ունեցող այլ տեղեկություն, որը վիճարկում է պետական գրանցման համար էական որևէ փաստի գոյությունը կամ հավաստիությունը»:

Եվ ահա ելնելով վերոգրյալից որոշում է կայացվել ապրիլի 21-ին լսումներ իրականացնել եւ պարզել՝՝ արդյոք ընկերության գործադիր մարմնի ղեկավարի փոփոխությունն  իրականացվել է օրենքով կամ կանոնադրությամբ սահմանված կարգով։ Եվ լսումներին որպես կողմ ներկայացվել են երկու դիմումատուները՝ Արա Խաչատրյանն ու Ալեքսանդր Եսայանը։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս