Ինչ է լինելու «Յուքոմ» ընկերության ճակատագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Յուքոմ» ընկերության ներսում առաջացած անհասկացվածությունը շարունակում է անորոշության մեջ պահել մոտ 800 աշխատակիցներին, որոնք գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի ազատման դիմումից հետո դոմինոյի էֆեկտով ազատման դիմումներ գրեցին։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Յուքոմ»-ի՝ Խաչատրյանների «իշխանությունը» հերթով սկսել է ընդունել 800-ի ազատման դիմումները, ինչը նշանակում է, որ սոցիալական բումն անխուսափելի է։ Արտակարգ դրության այս պայմաններում նման ցասումը, թերս, արդեն ոչ թե Խաչատրյանների ու Եսայանների ներքին խմորումներ պետք է դիտարկել, այլ պետությունը պիտի լուծի այս թնջուկը։ Ու հնարավորինս արագ։

Հիշեցնենք, որ «Յուքոմ»-ում «պայթյունն» առաջացավ ընկերության հիմնադիր և բաժնետեր Հայկ և Ալեքսանդր Եսայանների ունեցած տարաձայնություններից ՊԵԿ նախկին նախագահ, այժմ կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանի որդիների հետ։ Եսայաններն առաջարկեցին ավելի քան 34 մլրդ դրամ, որպեսզի «Յուքոմ»-ի բոլոր բաժնետերերը վաճառեն իրենց մասնաբաժինները և հեռանան իրենց իդեաներով հիմնված ընկերությունից։ Մի առիթով գրել էինք, որ մյուս բաժնետերերը կարծես թե դեմ չեն այդ գործարքին, սակայն Խաչատրյանները դիմադրում են։

Հիմա պարզվում է՝ «Յուքոմ»-ի փաստացի բաժնետերերից կան մարդիկ, որոնք դեմ են «Յուքոմ»-ը Եսայաններին վաճառելու սցենարին։ Համենայնդեպս բաժնետերերի խորհրդի օրերս կայացած նիստին (որտեղ Եսայանի փոխարեն այլ տնօրեն նշանակվեց) մասնակցել է նաև Ահարոն Լևոնյանը։ Բացի այդ, հրապարակային դաշտում ևս աջակցություն է նկատվում Խաչատրյաններին։

Իսկ ինչ վերաբերում է «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին, որը ևս բաժնետեր է «Յուքոմ»-ում, դեռ հստակ դիրքորոշում չի հայտնել այս կապակցությամբ։

Հ.Գ. «Յուքոմ» ընկերության մեծ բաժնետերեր են ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հարազատները։ Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյաններն ունեն յուրաքանչյուրը 11.9 տոկոս բաժնեմաս, իսկ նրանց հորեղբոր որդին՝ Արամ Խաչատրյանը, տնօրինում է բաժնեմասերի 24.34 տոկոսը։ «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանին պատկանող ռուսաստանյան բաժնետիրական առեւտրային «Ֆորա բանկ»-ն ունի 10.5 տոկոս բաժնեմաս։ Օֆշորային «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ՍՊԸ-ն ունի 29.09 տոկոսի չափով բաժնեմաս, իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սուրիկ Պողոսյանը, որը նաեւ Սամվել Կարապետյանի քրոջ ամուսինն է, ունի 6.3 տոկոս բաժնեմաս։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս