ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր զարգացումներ օֆշորի գործով․ Վճռաբեկ դատարանը վարույթներ ընդունեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել հայտնի «Օֆշորի գործով» ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ. Ասլանյանի, տուժող Փ. Հայրապետյանի, նրա ներկայացուցիչ Ա. Գևորգյանի վճռաբեկ բողոքները: Սակայն միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը 2020 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ մերժել է այդ գործով ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի շահերի պաշտպան Կ. Հակոբյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը:

Աշոտ Սուքիասյանին, հիշեցնենք, մեղադրանք էր առաջադրվել դեռ 2013 թվականին Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ կապված օֆշորի գործով: Նույն քրեական գործով շոշափվում է նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի եւ նախկին փոխվարչապետ Տիգրան Սարգսյանի անունները։

Աշոտ Սուքիասյանի մասով գործն անջատվել էր եւ ուղարկվել դատարան։ 2017 թվականի հոկտեմբերին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Վ. Գրիգորյանի վճռով Սուքիասյանը մեղավոր էր ճանաչվել առանձնապես խոշոր չափի խարդախության, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու եւ առանձնապես խոշոր չափերով հարկերը կամ տուրքը չվճարելու համար՝ դատապարտվելով 16 տարի ազատազրկման: Մեղադրական այդ դատավճռի դեմ պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, եւ Վերաքննիչ դատարանը, դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ, 2019 թվականի հունիսի 24-ին բողոքը մասնակի բավարարելով, Աշոտ Սուքիասյանին արդարացրել էր խարդախության եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման մասով՝ ճանաչելով նրան անմեղ: Եվ ահա Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոքներն ընդունվել են Վճռաբել դատարանի կողմից։

Նշենք, որ Աշոտ Սուքիասյանը Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի սանիկն է: Ազգային անվտանգության ծառայությունը օրեր հայտարարեց, որ մեղադրանք է առաջադրվել նաեւ Հայ առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին, խոսքը հենց Կճոյանի մասին է: Վերջինս բազմիցս հերքել էր իր առնչությունը այդ գործին՝ ասելով, որ իր դեմ փաստեր չկան։ Եվ առաջադրված մեղադրանքում ևս  Կճոյանն իրեն մեղավոր չի ճանաչում՝ այն որակելով անհիմն:

Մանրամասները՝ տեսանյութում

 




Լրահոս