Ուշագրավ պատկեր. Կճոյանի սանիկ Աշոտ Սուքիասյանն այս տարի արդարացվել էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրվել Արարատյան հարապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին: Սակայն ուշագրավ է, որ այս գործի շրջանակներում հայտնի, «Օֆշորի» գործով 6 տարի բանտում անցկացրած ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից արդարացվել էր եւ 2020 թվականի հունվարի 31-ին քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվել: Նա Կճոյանի սանիկն է, ում մասին հիշատակված է ԱԱԾ այսօրվա հաղորդագրությունում:

Ինչպես հայտնի է, 2013 թվականին գործարար Փայլակ Հայրապետյանը հայտարարել էր, թե իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել բանկերից մեկում, որը գնահատել է 33 միլիոն դոլար եւ դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար:

Վերջինս, պայմանավորվածության համաձայն, այդ գումարը Աֆրիկայում ոսկու եւ ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին, իսկ Փայլակ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից:

Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքում Wlispera Holdings Limited-ի բաժնետեր նշվում էին Աշոտ Սուքիասյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Եվ, ահա, 2017 թվականին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը «Օֆշորի» գործով մեղադրյալ Աշոտ Սուքիասյանին 16 տարվա ազատազրկման էր դատապարտել:

Նա բողոքարկել էր վճիռը ՀՀ վերաքննիչ դատարանում եւ Նոր Հայաստանում ճանաչվեց անմեղ: ՀՀ վերաքննիչ դատարանը գտել է, որ Սուքիասյանը խարդախությամբ եւ փողերի լվացմամբ չի զբաղվել, այլ հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարումներից չարամտորեն խուսափել է:Գործարար Հայրապետյանը այս որոշումը բողոքարկել է ՀՀ վճռաբեկ դատարանում»:

Սակայն ուշագրավ է, որ այս որոշումից ամիսներ անց մեղադրանք է առաջադրվեց այս գործով անցնող Կճոյանին:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս