Գործուղման են գնացել, բայց թերացել. նախարարության կատարողականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել 2019 թվականի պետական բյուջեի կատարողականը՝ ըստ ոլորտների: Այս անգամ կանդրադառնանքն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ 2019 թվականի կատարողականին:

Նախարարությունն իրականացրել է 16 ծրագիր, որոնց ընդհանուր առմամբ տրամադրվել է շուրջ 454 մլրդ դրամ՝ ապահովելով տարեկան ծրագրի 97.5 տոկոսը: Սակայն ուշագրավ է, որ բոլոր 16 ծրագրերում առկա են շեղումներ: Տեղեկացանք, որ առանձնապես խոշոր շեղումներ են արձանագրվել կենսաթոշակային ապահովության, անապահով սոցիալական խմբերին աջակցության, սոցիալական փաթեթների ապահովման, սոցիալական ապահովություն և սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումների ծրագրերում:

Մասնավորապես, 2019 թվականին ՀՀ պետական բյուջեից ավելի քան 11.3 մլրդ դրամ տրամադրվել է Պարգևավճարների և պատվովճարների ծրագրի ֆինանսավորմանը, որը կազմել է ծրագրված ցուցանիշի 93.8 տոկոսը: Շեղումը հիմնականում պայմանավոևված է զինծառայողներին, ՀՄՊ  մասնակիցներին,այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներին, զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, ընտանիքներին տրվող  պարգևավճարների գծով ծախսերի կատարողականով, որոնք կազմել են 10.9 մլրդ դրամ կամ 93.6 տոկոս՝ հիմնականում պայմանավորված պարգևավճարի իրավունք ձեռք բերած շահառուների՝ նախատեսվածից պակաս քանակով: 2019 թվականին պարգևավճար է ստացել 34995 ընտանիք՝ նախատեսված 37652-ի փոխարեն:

Հայրենական մեծ պատերազմի վետերաններին առողջարանային բուժման ուղեգրերի տրամադրման ծախսերը կազմել են 3.6 մլն դրամ կամ 83.3 տոկոս: Տնտեսումը պայմանավորված է գնումների արդյունքում առավել մատչելի ծառայություն ձեռք բերելու հանգամանքով: 2019 թվականին վետերաններին տրամադրվել է 30 առողջարանային ուղեգիր: «Վետերանների պատվովճարներ» միջոցառման գծով ծախսերը կազմել են 258 մլն դրամ կամ ծրագրված ցուցանիշի 99.2 տոկոսը: 2019 թվականին պատվովճար ստացած վետերանների թիվը կազմել է 310՝ նախատեսված 397-ի փոխարեն:

Անապահով սոցիալական խմբերին աջակցության ծախսերը կազմել են 32.2 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրված ցուցանիշի 93.9 տոկոսը: Շեղումը հիմնականում պայմանավորված է ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների կատարողականով, որոնց տրամադրվել է 31.4 մլրդ դրամ կամ ծրագրված միջոցների 93.9 տոկոսը՝ պայմանավորված վարչարարության արդյունքում շահառուների թվի նվազմամբ: Հաշվետու տարում ծրագրված շուրջ 93733 ընտանիքի փոխարեն նպաստ է ստացել 93397 ընտանիք:

Համայնքային ենթակայության սոցիալական ծառայությունների կողմից սոցիալական աջակցության քաղաքականության իրականացման ապահովման նպատակով տրամադրվել է 486.9 մլն դրամ՝ կազմելով ծրագրված ցուցանիշի 96.6 տոկոսը, որը պայմանավորված է թափուր հաստիքների առկայությամբ, որոշ գնման մրցույթներ չկայանալու, ինչպես նաև գնված ապրանքների միավորների գները նախատեսվածից պակաս լինելու հանգամանքներով:  Իսկ պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողներին սոցիալական փաթեթով ապահովման ծրագրին ՀՀ պետական բյուջեից տրամադրվել է շուրջ 9.3 մլրդ դրամ՝ կազմելով նախատեսվածին 87.2 տոկոսը, ինչը պայմանավորված է թափուր հաստիքներով, ինչպես նաև շահառուների՝ սոցիալական փաթեթի օգտվելու իրավունքի դադարեցման այլ պատճառներով: 2019 թվականին սոցիալական փաթեթից օգտվել է 128.599 շահառու՝ նախատեսված 147.493-ի փոխարեն:

Միայնակ տարեցներին, հաշմանդամներին տնային պայմաններում և տարեցների ցերեկային խնամքի  կենտրոններում սոցիալական սպասարկում իրականացնելու նպատակով տրամադրվել է 204.8 մլն դրամ՝ կազմելով ծրագրված ցուցանիշի 96.2 տոկոսը: Ծրագիրն իրականացվում է համաֆինանսավորման սկզբունքով: Տնտեսում է կատարվել սննդամթերքից օգտվող շահառուների մասով: Ծրագրի շրջանակներում սպասարկող անձանց թիվը կազմել է 3089՝ նախատեսված 3440-ի փոխարեն:

Իսկ ահա հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ցերեկային խնամքի նպատակով 2019 թվականին տրամադրվել է 11.9 մլն դրամ, որը կազմել է ծրագրված ցուցանիշի 87.4 տոկոսը՝ պայմանավորված տնտեսումներով: Միջոցառման շրջանակներում «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում գործող ցերեկային կենտրոնում խնամքի ծառայություններ է ստացել 14 անձ:

Տեղեկանում ենք, որ 100 տոկոս կատարողական է արձանագրված սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման ծառայությունների առումով: Սակայն ցածր կատարողական է արձանագրվել  վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման ապահովման ծախսերի գծով, որոնք կազմել են 51.5 հազար դրամ կամ ծրագրված ցուցանիշի 5.7 տոկոսը: Վերջինս հիմնականում պայմանավորված է ֆինանսավորումը 2020 թվականին տեղափոխելու հանգամանքով: Միջոցառման շրջանակներում իրականացվել են 96 ծրագրեր՝ նախատեսված 60-ի դիմաց, որոնցում ընդգրկվել է 915 գործազուրկ՝ նախատեսված 480-ի դիմաց:

Նկատենք սակայն, որ նախարարությանն արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար հատկացված է եղել 12.1 մլն դրամ, որն ամբողջությամբ օգտագործվել է:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս