«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանությանն ուղղված օրենսդրական փաթեթը կրկին Ազգային ժողովում է։
Նոյեմբերի 24-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել՝ օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցումից առաջ քննարկելու համար։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդես կգա հարակից զեկուցմամբ՝ ներկայացնելով Կառավարության դիրքորոշումը և առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ պարզաբանումները։
Հիշեցնենք, որ օրենսդրական նախաձեռնությունը հեղինակել են ՔՊ-ական պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանը։
Հոկտեմբերի 1-ին փաթեթի քննարկումը հանձնաժողովում հետաձգվել էր երկու ամսով՝ ստացված առաջարկներն ուսումնասիրելու և նախագիծը լրամշակելու նպատակով։
Հոկտեմբերի 26-ին այն կրկին քննարկվել էր հանձնաժողովում, իսկ հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովն այն ընդունել էր առաջին ընթերցմամբ՝ 62 կողմ, 34 ձեռնպահ ձայներով։
Նախագծերի փաթեթով առաջարկվում են ընտանեկան բռնության դեմ պայքարի մի շարք էական փոփոխություններ։ Մասնավորապես՝ նախատեսվում է ընտանեկան և կենցաղային բռնությունը հստակեցնել Քրեական օրենսգրքում, խստացնել նման արարքների համար նախատեսված պատիժները, վերացնել նախազգուշացումը՝ որպես պաշտպանության միջոց, և փոխարենը ներդնել բռնություն գործադրած անձանց կանխարգելիչ հաշվառման մեխանիզմը։
Փաթեթով նախատեսվում է նաև, որ տուժողի կողմից հաղորդումից հրաժարվելը կամ հաշտվելը չպետք է ինքնաբերաբար դադարեցնի քրեական վարույթը։ Բացի այդ, առաջարկվում են բռնություն գործադրած անձանց վարքագծի փոփոխությանն ուղղված վերականգնողական ծրագրեր և տուժողների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ։
Հատկանշական է, որ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեռևս հոկտեմբերի 27-ի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ Կառավարությունը սկզբունքորեն դրական է գնահատում փաթեթը։ Նախարարը նաև ներկայացրել էր ընտանեկան բռնության կրկնության վերաբերյալ մտահոգիչ վիճակագրություն՝ նշելով, որ 2026 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ նախազգուշացում կիրառելուց հետո արձանագրվել է բռնության կրկնության 93, իսկ անհետաձգելի միջամտության որոշումից հետո՝ 316 դեպք։
Այսպիսով, նոյեմբերի 24-ին օրենսդրական փաթեթը կրկին հայտնվելու է հանձնաժողովի սեղանին, իսկ Արփինե Սարգսյանը հերթական անգամ ստիպված է լինելու խորհրդարանում հիմնավորել, թե ինչպես են առաջարկվող փոփոխություններն իրականում նպաստելու ընտանեկան բռնության կանխարգելմանն ու տուժածների պաշտպանությանը։
Հանձնաժողովի քննարկումից հետո փաթեթի ճակատագիրը կախված կլինի նաև Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ կայացվելիք որոշումից։
Սոնա Գրիգորյան




























