ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բնակարանային գողություններ Նորք-Մարաշում․ ոստիկանները բացահայտել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 27-ին, ժամը 4-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ քիչ առաջ Նորք-Մարաշի իր տնից գողություն են արել։
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները դեպքի վայրում արձանագրեցին, որ օգտվելով տան դուռը բաց լինելու հանգամանքից` մտել են և հյուրասենյակից գողացել բիժուտերիա:
Մինչ դեպքի վայրում ոստիկանները հանցագործության բացահայտմանն ուղղված աշխատանքներ էին կատարում, հնչեց երկրորդ ահազանգը։
Զանգողը նույնպես Նորք-Մարաշի բնակիչ էր։ Հայտնում էր, որ րոպեներ առաջ իրենց տնից գողություն են արել։
Ոստիկանության օպերատիվ մյուս խումբը մեկնեց նշված տուն, որտեղից փող էին հափշտակել։ Իրավապահները հիմնավոր կասկածներ ունեին, որ գործում է խումբ և գողությունները նույն մարդկանց ձեռքի գործն են։
Պարզվեց, որ տան բակ են մտել պարսպի վրայով, մի հոգի տուն է մտել պատշգամբից, ներսից բացել դուռը, որպեսզի մյուսը նույնպես մտնի տուն։ Ի դեպ, երկու դեպքում էլ տանտերերը տանն են եղել, ձայն են լսել, արթնացել և տունը տակնուվրա արված տեսնելով` միանգամից զանգել էին ոստիկանություն։
Բնակարանային գողությունների բացահայտման աշխատանքներն ընթացքի մեջ էին, երբ ժամեր անց հնչեց ևս մի ահազանգ։
Կրկին Նորք-Մարաշի բնակիչներից մեկը ոստիկաններին հայտնեց, որ գիշերը, ժամը 3.45-ի սահմաններում, իր տնից գողություն են արել։
Այստեղ ոստիկաններն արձանագրեցին, որ ննջասենյակից գողացել են ոսկյա զարդեր ու հագուստ։ Պարզեցին, որ գողություն անողները երկու երիտասարդներ են, որոնց կասկածում էին նաև մյուս գողությունները կատարելու մեջ։
Եվս մի ահազանգ ստացվեց արդեն ապրիլի 28-ին։ Այս անգամ փորձել էին բացել Նորք-Մարաշի տներից մեկի պատուհանը, բայց չէին կարողացել ու հեռացել էին։
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի աշխատակիցները։ Նրանց հետևողական ու պրոֆեսիոնալ ծավալուն գործողությունների շնորհիվ կարճ ժամանակ անց ճշտվեց կասկածյալների ինքնությունը։
Ապրիլի 30-ին Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկից, բնակարանային գողություններ կատարելու կասկածանքով, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման ենթարկվեցին Աշտարակի 30-ամյա և Երևանի 34-ամյա բնակիչներ։
Նրանց բնակության և փոխկապակցված վայրերում իրականացված խուզարկություններով հայտնաբերվեց գողոնի մի մասը։ Կասկածներ կան, որ նշվածից բացի, հանրապետության տարբեր քաղաքներում նրանք կատարել են նմանատիպ բազմաթիվ գողություններ։
Բերման ենթարկվածները կալանավորվել են։
Կատարվում է նախաքննություն:




Լրահոս