Ազգային ժողովի նիստը կշարունակվի․ որ նախագծերն են քննարկվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 5-ին գումարված Ազգային Ազգային ժողովի հերթական նստաշրջանը դեռ չի ավարտվել, այն կշարունակվի մայիսի 11-ին։ Օրակարգում դեռ 5 հարց է առկա, այդ թվում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ 2019 թվականի գործունեության հաշվետվությունը։

Երեկ խորհրդարանն ավարտել էր ՀՀ կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկումը` լսելով պատգամավորների տեսակետները քննարկվող հարցի վերաբերյալ: ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ տեղի է ունեցել միջադեպ, որի հետեւանքով ԱԺ նախագահը ընդմիջել է նիստը: Ընդմիջումից հետո իր ելույթում անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին` Էդմոն Մարուքյանն այն համարել է քաղաքական: Ելույթից հետո ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները լքել են նիստերի դահլիճը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:

Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ` քրեական պատասխանատվություն է նախատեսվում հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար: Նախարարի խոսքով` այդ արարքները կպատժվեն տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով: Նախագծով ավելի խիստ պատժամիջոցներ են սահմանվում այն դեպքում, երբ նույն արարքը կատարվել է բուժաշխատողի կողմից` կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:

Այս դեպքում պատիժը կլինի ազատազրկումը` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Իսկ եթե վերոնշյալ արարքները կատարվել են կազմակերպված խմբի կողմից կամ անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ այլ ծանր հետեւանքներ, ապա ազատազրկումը կլինի չորսից ութ տարի ժամկետով:




Լրահոս