Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հունիսի 2-ին հյուրընկալվել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպման ընթացքում կարևորել է Արցախի Հանրապետությունում ֆուտբոլի զարգացման անհրաժեշտությունը և ընդգծել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակելու է աջակցություն ցուցաբերել այդ հարցում։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ևս արժևորել է ֆուտբոլի՝ որպես մասսայական մարզաձևի զարգացումը և հավաստիացրել, որ հարցը մշտապես գտնվում է Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Արայիկ Հարությունյանն ընդգծել է վերջին տարիներին Արցախում կառուցված մարզադաշտերի կարևորությունը և ֆուտբոլային տարբեր թիմերի աշխատանքը՝ նշելով, որ ՀՖՖ-ի հետ համարժեք փոխգործակցության պայմաններում այն որակական նոր զարգացում կունենա: