«ՀՈՒՍՈՎ ԵՄ՝ ԿՈՒՆԵՆԱՆՔ ՄՇԱԿՈՒՅԹ ԿՈՉԵՑՅԱԼԸ». ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար  եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցել է երկրում առկա ատելության մթնոլորտի, անհանդուրժողականության եւ այլ հարցերի շուրջ:

 

«Ես Ձեզ անկեղծ ասեմ, փորձում եմ իմ օրինակով ասել, որ դա ճիշտ չէ, դա սխալ է՝ պատկերացնելով, որ դա զարգացման ճանապարհ չէ, եւ հասարակությունն ընդունում  եւ դա պրոպագանդվում է, այսինքն՝ ես ավելի շատ մտածում եմ, թե ինչ կարող եմ ես անել, այս պարագայում խոսում եմ Ձեզ հետ՝ որպես լիդեր: Նույնիսկ խոսելով ատելության մասին, որ այդքան շատերն ասում են, դա այնքան ատելությամբ են անում, լավ բանի մասին էլ են խոսում ատելությամբ, որ այդ ատելությունն է՛լ ավելի շատ է ամրապնդվում: Ատելության մասին խոսելիս պետք է դրական լիցքեր տան, մենք դրական էներգիայի պակաս ունենք, բայց նույնիսկ եթե մարդիկ իրենց իրավունք  են վերապահում ինչ-որ խորհուրդներ տալ, դա էլ պետք է շատ ճիշտ արվի: Լավ դասախոսը նա չէ, որ ամեն ինչը ճիշտ է բացատրում, այլ նա է,  ով կարողանում է այնպիսի մատուցման ձեւ գտնել, որ երեխան հասնում է հաջողության: Ուղղակի պահանջել մարդկանցից, որ բոլորն այս անեն, այն անեն, որ այդպես չլինի, այդ դեպքում այսօր մենք կապրեինք ամենալավ երկրում»,-նկատում է Սերգեյ Սմբատյանը:

Մեր զրուցակցի կարծիքով՝ գլխավոր խնդիրներից մեկն է այն է, որ այսօր մեր երկրում բոլորը հայտնում  են այնպիսի  վեհ մտքեր, որ եթե իրենք այդպես ապրեին, ապա մենք այսօր այս խնդիրները չէինք ունենա, դրա համար, ըստ նրա, ուղղակի մարդիկ ամեն մեկը պետք է զբաղվեն իրենց գործով. «Ընդհանրապես մոլորակն ունի մեկ գերխնդիր,  ու պարզվում է՝ մենք շատ փոքր մոլորակ ենք, որը կախված է հասարակությունից: Պետք է սովորենք ապրել այս խնդիրը՝ լինելով փողոցներում, մեր կողքին, ուղղակի գիտակցությամբ, որ կա վտանգ, որը չպետք է կպչի մեր մտերիմներին, մեր ընտանիքներին եւ այդպես»:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի  եւ գլխավոր դիրիժորի դիտարկմամբ` Հայաստանում հեղափոխությունից հետո արվեստի բնագավառում մեծ գործ է արվել:

«Այսօր Հայաստանում այնքան մեծ գործ կա արվեստում: Հայաստանում հեղափոխությունից առաջ եւ հետո, եւ հույսով եմ, որ կլինի այնպիսի երկիր, որը կունենա ամենամեծ պետական մշակույթ կոչեցյալը: Բոլորս կարող ենք ունենալ տարբեր կարծիքներ, բայց, ամեն դեպքում, բոլորս սիրում ենք արվեստ ու մշակույթ, եւ բոլոր մշակությաին գործիչները պետք է գիտակցեն , որ ունեն շատ մեծ կշիռ հասարակությունում, եւ իրենց ամեն մի խոսքն ու ակնարկը մեծ դեր կարող է ունենալ հասարակության եւ իշխանությունների վրա: Պետք է մենք պատկերացնենք, որ այսօր կա արվեստ եւ արվեստագետներ: Գերմանիան, որ աշխարհի հզոր երկրներից  է, որոշում է, որ պետք է օգնի ինչ-որ ձեւաչափով անհատ արվեստագետներին, ովքեր իրենց համար են ստեղծագործում, ապա մենք պետք է նաեւ դրա մասին խոսենք, ես շատ երաժիշտներ գիտեմ տաղանդաշատ, որ ապրում են Հայաստանում, բայց չեն մտնում այդ փաթեթների մեջ օգնության, որը որ այնտեղի կառույցները տրամադրում են: Չի կարելի նաեւ մեղադրել, որովհետեւ մեր երկիրն այդ պաշարը չունի: Ամեն մեկը պետք է գիտակցի, թե հստակ, փաստով լավն ինչ է, քանի որ մենք խոսում ենք լավ երկիր լինելու մասին եթերային պատկերացումներով»,-ընդգծում է նա:

Սերգեյ Սմբատյանի կարծիքով`  հասարակությունում արվեստագետների խոսքը պետք է լինի ծանրակշիռ ու պատասխանատու: Իսկ ինչ վերաբերում է այս օրերին Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կատարած աշխատանքին, ապա նա գնահատում է փայլուն.

«Այսօր այս պայմաններում մեր նախարարության աշխատանքը գնահատում եմ փայլուն, որովհետեւ այս պայմաններում  չկա անալիտիկի ձեւաչափ, որը կարող է պատմել, թե ինչքան դժվար եւ ահռելի աշխատանք է տարվում: Ես տեսնում եմ, որ կրթության համակարգում համացանցով փորձում են ստեղծել պայմաններ, որպեսզի երեխաներն ունենան կրթություն, քննություններից հետ չընկնեն, որի մասին համալսարաններն ասում են, որ չի ստացվի, բայց ես տեսնում եմ, որ ցանկություն կա, որ ստացվում է: Տեսնում եմ, որ այս մեգա պայմաններում մշակութային որոշումներ են կայացնում, փորձում են ինչ-որ արվեստ ստեղծել: Այս պահին կազմակերպում ենք Արամ Խաչատրյանի անվան մրցույթ-փառատոն, եւ այսօրվա կոլապսային վիճակում ունենք պետական որոշում կայացնող մարդիկ, որ այնքան են գնահատում Խաչատրյանի գործունեությունը, որ չեն պատկերացնում, որ այն չկայանա, եւ որ կարող էր լինել շատ ավելի դժվար»:

 

 

 

«ՋԵՍԻԿԱՆ ՈՂՋ ՍԵՐԻԱԼԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԾԱՆՐ ԱՊՐՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՆՈՒՄ». ԴԱԼԻԹԱ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երգչուհի, դերասանուհի Դալիթան պատմել է, թե ինչպես է նկարահանվել հայ-ամերիկյան Purgatory- Քավարան հեռուստասերիալում, եւ ինչ դժվարություններ է նա հաղթահարել:

 

«Ձմռանը մասնակցել եմ Purgatory-ը հեռուստասերիալի կաստինգին, որտեղ պահանջվում էր գերազանց տիրապետել անգլերեն լեզվին եւ սահուն ու վարժ խոսել, քանի որ հայ-ամերիկյան  սերիալ էր: Փորձելով մի քանի դերեր՝ ես  ստացա Ջեսիկայի կերպարը, որը շատ հետաքրքիր կերպար էր: Մի խումբ անծանոթ մարդիկ, որոնց թվում նաեւ Ջեսիկան է եւ իր ընկերը, հրավիրվում են յուրօրինակ ամանորյա երեկույթի բացառիկ լեռնային հանգստավայրում: Հյուրերը արագորեն հասկանում են, որ բոլորն այնտեղ բերվել են շատ կոնկրոտ պատճառով, որը կարող է մահացու հետեւանքներ ունենալ»,-նշում է նա:

«Սերիալը ժանրով առեղծվածային դրամա է, որտեղ Ջեսիկան  ամենաերիտասարդ կերպարն է հանդիսանում, ով հոգեկան ծանր ապրումներ է ունենում  ողջ սերիալի ընթացքում»,- ընդգծում է Դալիթան:

Մեր զրուցակցի խոսքով` առաջին սեզոնն  արդեն պատրաստ է, որը շուտով կհեռարձակվի Apple TV, Roku եւ Popstar-ի տարբեր հարթակներում, բայց,  ցավոք, նկարահանումներն այս պահին դադարեցված են կորոնավիրուս համաճարակի պատճառով:

«Այս ժանրում հանդես գալն ինձ համար լիովին նոր փորձություն էր, որի համար անչափ շնորհակալ եմ պրոդյուսերական եւ ստեղծագործական ամբողջ անձնակազմին, հատկապես ռեժիսորներին իրենց օգտակար խորհուրդների եւ խրախուսիչ խոսքերի համար նկարահանման ընթացքում: Պրոֆեսիոնալ թիմի հետ աշխատելը գերագույն հաճույք էր ինձ համար»,-նշում է դերասանուհին:

Հավելենք, որ Purgatory հեռուստասերիալի նկարահանումներն իրականացվել են Դիլիջանում եւ Սեւանում, սակայն հիմնական նկարահանումները տեղի են ունեցել Առինջում գտնվող «Լեւոնի Աստվածամոր գետնափոր-քարանձավ» թանգարանում: Սերիալի ռեժիսորներն են Մայքլ Քեյսին եւ Հայկ Կբեյանը:

Նյութերը՝ ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

 

 

ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է

Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է գերմանական «Լայպցիգի» գերմանացի հարձակվող Տիմո Վերների ծառայություններով: «Չելսին» որոշել է բանակցություններ սկսել Վերների ներկայացուցիչների հետ այն բանից հետո, երբ ակումբը չի կարողացել համաձայնության գալ ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեի տեղափոխության հարցում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լիվերպուլը» համաձայնության է եկել 24-ամյա հարձակվողի հետ նրա անձնական պայմանագրի կետերի հարցում: Նրա հետ բանակցել է անձամբ թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Վերներին ձեռք բերելու ցանկություն ունեն նաեւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» եւ Միլանի «Ինտերը»: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Վերները մասնակցել է 25 հանդիպման, խփել 21 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում: Նրա պայմանագիրը «Լայպցիգի» հետ նախատեսված է մինչեւ 2023 թվականի հունիս:

 

 

ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱՑԵԼ Է

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզերը հոգացել է ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում ոստիկանների կողմից սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հուղարկավորության ծախսերը: Մեյվեզերի TMT Music հիմնադրամը սպանված աֆրոամերիկացու ընտանիքին հատկացրել է 88,500 դոլար: Ամերիկյան մի քանի նահանգներում ցույցեր ու զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել մայիսի 25-ին՝ Մինեապոլիսում (Մինեսոտա նահանգ) աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ձերբակալության տեսանյութը համացանցում տեղադրելուց հետո, ում մեղադրում էին կեղծ թղթադրամներ օգտագործելու մեջ: Սպիտակամորթ ոստիկանները սեւամորթ քաղաքացուն ձեռնաշղթաներ են հագցրել եւ վայր գցել գետնին: Կարգի պահապաններից մեկը ծնկով սեղմել է ձերբակալվածի պարանոցը՝ անտեսելով Ֆլոյդի բղավոցները, որ չի կարողանում շնչել: Աֆրոամերիկացին շուտով մահացել է քաղաքի հիվանդանոցներից մեկում: Մայիսի 26-ին իրավակարգի պահպանման 4 աշխատակցին էլ հեռացրել են, նրանցից մեկը կալանավորվել է ոչ դիտավորյալ կատարած սպանության մեղադրանքով:

 

 

65 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ

Իտալական «Բրեշիայի» 20-ամյա կիսապաշտպան Սանդրո Տոնալին առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»: Corriere dello Sport-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» իտալացի կիսապաշտպանի դիմաց «Բրեշիային» առաջարկել է 65 միլիոն եվրո եւ թիմի 2 ֆուտբոլիստի, որոնց անունները չեն նշվում: Ավելի վաղ «Բրեշիայի» նախագահ Մասիմո Սելինոն հաստատել էր «Բարսելոնայի» հետաքրքրության մասին լուրերը: Սանդրո Տոնալին համարվում է իտալական ֆուտբոլի ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկը: Նրա ծառայություններով հետաքրքրված են նաեւ Թուրինի «Յուվենտուսն» ու Միլանի «Ինտերը»:

 

 

 




Լրահոս