ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հատուկ քննչական ծառայությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարության հիման վրա մերժել է քրեական գործ հարուցել ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի դեմ ՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Ինչպես հայտնի է, Հարությունյանը մայիսի 25-ին անդրադարձել էր ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հայտարարությանը: «Եթե կպարզվի, որ Գրիշա Թամրազյանը կատարել է հովանավորչություն, ապա նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, իսկ հակառակ դեպքում՝ Սմբատ Գոգյանը սուտ մատնության համար կարող է ենթարկվել պատասխանատվության։ Կարծում եմ՝ իրավական պետությունում այլ ելք չի կարող լինել, քան սույն իրավիճակն իրավական ճանապարհով լուծելու տարբերակը», – ասել էր նա:
Եվ ահա, ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հատուկ քննչական ծառայությունը փաստական հանգամանքների վերլուծության հիմքով մերժել է գործի հարուցումը, քանի որ ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի գործողություններում պաշտոնական դիրքի չարաշահման և լիազորությունների չարաշահման դեպք չի արձանագրվել։
Ք.Մ.