Սահմանադրական փոփոխությունների նախագիծը նախագահին չի ուղարկվի. ուշագրավ փոփոխություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այն ընդունվեց կողմ 89, դեմ 0, ձեռնպահ 0 ձայներով: Այս նախագծով մինչ այս Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված եւ պաշտոնավարումը դադարում է:

Եվ ինչպես հայտնի է, բոլոր դեպքերում նախագծերը համարում են ընդունված, երբ այն ստորագրվում է ՀՀ նախագահի կողմից, ապա հրապարակվում: Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է այդքան չսպասել եւ քիչ առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ մի նախագիծ, որով այս օրենքում փոփոխությունը չի ուղարկվի նախագահ Արմեն Սարգսյանին եւ կհամարվի ընդունված ու կմտնի ուժի մեջ խորհրդարանի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո: Այս փոփոխությունը քիչ անց կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում:

Այդ փոփոխությունը եւս առաջարկել է իմքայլական Վահագն Հովակիմյանը: Նրա առաջարկած նախագծերի փաթեթով  առաջարկվում է փոփոխություն անել ԱԺ կանոնակարգ օրենքում, «Սահմանադրական դատարանի մասին» եւ Դատական օրենսգրքերում: Եվ այս բոլոր փոփոխությունները կապ ունեն Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրելու գործընթացի հետ:

Նախ ինչպես հայտնի է, վերը նշված նախագծի ընդունման պարագայում Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը եւ Ալվինա Գյուլումյանը հրաժեշտ կտան իրենց պաշտոններին: Եվ ահա, Հովակիմյանի նախագծերի փաթեթի ընդունման պարագայում Սահմանադրական դատարանի թափուր անդամներին ընտրելու են մեկ օրում: Նախագծում այսպիսի դրույթ է ամրապնդվում. «Սահմանադրական դատարանի դատավորի թափուր երկու եւ ավելի տեղի համար թեկնածուների ընտրությունները կարող են անցկացվել միաժամանակ` սույն հոդվածով նախատեսված կարգով:»:




Լրահոս