ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որդուս տարավ մանկապարտեզ՝ խոստանալով վերադառնալ. ինչ է պատմում կալանավորված նախկին պատգամավորի դուստրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, օրերս դատարանը բավարարել էր Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը (ԱԱԾ) և երկու ամսով կալանավորել «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին։

Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք բաժանելու գործով, որով նաև Գագիկ Ծառուկյանն է անցնում։ 64-ամյա Վանիկ Ասատրյանը պատգամավոր էր ընտրվել «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով, եղել է Սպիտակի քաղաքապետ, Լոռու փոխմարզպետ։

ArmLur.am-ը զրուցել էր նրա փաստաբան Էմին Բեգլարյանի հետ, որը նշել էր. «Ասատրյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում, խոսքը վերաբերում է 2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններին, որի ընթացքում վերջինս Լոռու մարզից ընտրվել էր որպես Ազգային ժողովի պատգամավոր»:

Փաստաբանից հետաքրքրվել ենք՝ կա արդյոք կոնկրետ անձ, որը ցուցմունք է տվել Վանիկ Ասատրյանի դեմ: «Զուտ նախաքննության գաղտնիությունից ելնելով ՝ ես չեմ կարող ամբողջ ծավալով ինձ հասու տեղեկությունը բացահայտել, սակայն ընդամենը կասեմ, որ առաջադրված մեղադրանքի եւ մեզ ներկայացված նյութերի համաձայն՝ կա, ով ցուցմունք է տվել, սակայն մենք անմիջապես միջնորդել ենք, որ առերես հարցաքննություն իրականացվի, մեզ հրավիրել են հարցաքննության շաբաթ օրը, 5-6 ժամ սպասել ենք, սակայն այն այդպես էլ տեղի չի ունեցել: Սա մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ այն անձը, որը ցուցմունք է տվել Վանիկ Ասատրյանի դեմ, արդեն իսկ՝ առկա հակասությունն է վերացել եւ հիմքերը վերացել են, քանի որ հակասություն չկա: Դա զուտ մեր ենթադրությունն էե, – հավելեց նա:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Վանիկ Աստարյանի դստեր` Օֆելյա Ասատրյանի հետ, որը իր հայրիկի կալանավորումից մանրամասներ հայտնեց. «Այնպես չէ որ իրեն եկան ու միանգամից կալանավորեցին,  նման բան չի եղել, խուզարկության թույլտվությամբ եկել են իմ հայրիկի տուն, իսկ խուզարկության փաստաթղթի մեջ տան հասցեն սխալ է եղել , այդ իսկ պատճառով խուզարկությունը ապօրինի է եղել: Այսինքն, թղթի վրա մայրիկիս ցույց են տվել հասցեն, մայրս ասել է, որ սա մեր հասցեն չէ, բայց դա չի խանգարել , իրենք չեն լսել մորս հորդորները,  իրենք մտել են տուն եւ իրականացրել են խուզարկություն: Այդ ժամանակ հայրս գտնվում էր Երեւանում՝ իմ տանը, քանի որ առողջական խնդիրներ ուներ եւ համապատասխան բուժում էր ստանում: Այդ խուզարկության ժամանակ հայրս եղել է հիվանդանոցում եւ հիվանդանոցում է իմացել , որ մտել են տուն խուզարկության» :

Ըստ մեր զրուցակցի, այդ դեպքից հետո իրենք չեն անհանգստացել կամ աղմուկ չեն բարձրացրել. «Մենք շատ վստահ էինք, որ նա նման բան չէր արել: Այդ օրը, երբ պետք է դատարանը հայրիկիս որոշումը հրապարակեր, հայրս առավոտյան երեխայիս տարավ մանկապարտեզ՝ խոստանալով , որ կվերադառնա ու որդուս մանկապարտեզից հետ կբերի, բայց այդպես էլ չեկավ, ես անգամ հայրիկիս հրաժեշտ չտվեցի, քանի որ վստահ էի, որ նա հետ է վերադառնալու», – հայտնեց նա:

Օֆելյա Ասատրյանի խոսքով, գործով որոշակի հանգամանքներ այնպես չեն . «Հայրս իր դեմ ցուցմունք տված անձի հետ առերեսում է ուզել , հաջորդ օրը առավոտյան կանչել են հայրիկս առերեսման , բայց առերեսում այդպես էլ տեղի չի ունեցել, հայրս ու փաստաբանները դրսում տեսել են հորս դեմ ցուցմունք տված անձին, թե նա ինչպես է դուրս գալիս այդ տարածքից , բայց առերեսում այդպես էլ տեղի չի ունեցել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս