Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է «Փալոն փոփոխություն»-ն` ուղղված Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների ոտնահարումներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունում է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, Կոնգրեսական Ֆրենկ Փալոն կրտսերի (Դեմոկրատ, Նյու Ջերսի) հեղինակած փոփոխության ներառումը 2021թ.-ի ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության վավերացման ակտում (NDAA), որն ուղղված է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների ոտնահարումներին:

Կոնգրեսական Փալոնի փոփոխությունը, որը Ներկայացուցիչների պալատի Կանոնների հանձնաժողովում համահավանավորվել էր Կոնգրեսականներ՝ Զոի Լոֆգրենի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ադամ Շիֆի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Բրեդ Շերմանի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և Ջեկի Սփիրի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) կողմից, պահանջում է զեկույց Պաշտպանության քարտուղարի կողմից՝ համագործակցելով Պետական քարտուղարի հետ, որը կանդրադառնա այն պնդումներին, թե օտարերկրյա պետությունների որոշ ստորաբաժանումներ, որոնք մասնակցել են անվտանգության համագործակցության ծրագրերին՝ U.S.C. (Գործընկերային կարողությունների ամրապնդման ծրագիր) 10-րդ խորագրի 333 Բանաձևի շրջանակներում, հնարավոր է նույնպես միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների կոպիտ խախտումներ թույլ տված լինեն՝ ԱՄՆ-ի անվտանգության աջակցություն ստանալու ընթացքում կամ մինչ այդ: Այս զեկույցում ներառված կլինեն նաև մարդու իրավունքների թեմայով վերապատրաստման բարելավմանն ուղղված առաջարկություններ և լրացուցիչ միջոցներ, որոնք կարող են ընդունվել՝ այս տեսակ խախտումները կանխելու համար:

2016թ.-ի ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետություն) դեմ սանձազերծված քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցի զինվորականներն իրականացրեցին ԻԼԻՊ-ի ոճի դաժանություններ՝ սպանելով 12-ամյա մի տղայի, գլխատելով զինվորի և դաժանաբար սպանելով մի տարեց հայ զույգի: Ի հավելումն՝ Հայաստանի դեմ իր վերջերս տեղի ունեցած, մահացու հարձակումն, որը սկսվեց անցյալ շաբաթ, հուլիսի 12-ին, թիրախավորելով քաղաքացիական տարածքներ Հայաստանի Տավուշի մարզում՝ Բերդ քաղաքը և Այգեպար, Չինարի, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր ու Նորաշեն գյուղերը: Ադրբեջանը նաև անհասկանալիորեն սպառնաց թիրախավորել Հայաստանի Մեծամորի ատոմային էլեկտրակայանը:

«Փալոն փոփոխություն»-ը, որին Հայկական համագումարը ուժգին սատարում էր, ներառյալ՝ Ներկայացուցիչների պալատի Կանոնակարգերի հանձնաժողովին ուղղված իր նամակում, ընդունվեց հուլիսի 20-ին, քվեարկությամբ՝ որպես Ազգային պաշտպանության վավերացման ակտի (NDAA) փոփոխություների հավաքական փաթեթի մի մաս: Ներկայացուցիչների պալատի դահլիճում NDAA-ի քննարկման ընթացքում Կոնգրեսական Բրեդ Շերմանն իր աջակցությունը հայտնեց «Փալոն փոփոխությանը»:

«Միացյալ Նահանգները վաղուց կանգնած է որպես փարոս յուրաքանչյուր մարդու իրավունքների համար՝ անկախ ցեղից, կրոնից, էթնոսից կամ ազգությունից: Մենք պետք է շարունակենք առաջնորդվել օրինակով և ապահովենք, որպեսզի ամերիկյան արտաքին օգնությունը չհակասի մեր արժեքներին՝ թե՛ տանը, թե՛ արտերկրում»,– ասաց Կոնգրեսական Փալոնը: «Այս փոփոխությունը հատկապես կարևոր է այժմ, երբ Ադրբեջանը սպառնում է Հայաստանի անվտանգությանը և ինքնիշխանությանը` Հայաստանի Տավուշի մարզում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող հարձակվողական գրոհներով: Միացյալ Նահանգները որևէ պատճառով չպետք է օգնի և խրախուսի մարդու իրավունքների զարհուրելի արձանագրություններով անխոհեմ, բռնակալ պետություններին»:

«Հաշվի առնելով Ադրբեջանի 3 միլիարդ դոլար արժողությամբ սկանդալային «Լվացքատուն» (Laundromat) սխեման` մարդու իրավունքների իր արձանագրությունը մաքուր ներկայացնելու համար, ինչպես նաև իր շարունակական հարձակումները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ, մենք ողջունում ենք Կոնգրեսական Փալոնին` ժամանակին արված այս փոփոխության համար»,– հայտարարեց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը:

Անցյալ ամիս Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Սենատոր Բոբ Մենենդեզի (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Կառավարության հաշվետվողականության գրասենյակին (GAO) ուղղված մի նամակում, պահանջեց գնահատում՝ Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից տրամադրվող օժանդակության չափի և բնույթի վերաբերյալ, ներառյալ՝ արդյոք որևէ օժանդակություն «օգտագործվել է Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակվողական նպատակներով կամ կարող էր այդպիսի հարձակվողական նպատակների հնարավորություն տալ՝ թեկուզ անուղղակիորեն»:




Լրահոս