Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
Այս նախագծերով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից և հայցապահանջներից բխող գործերը:
Նախագծով սահմանվել են փորձագետների իրավունքները և պարտականությունները՝ նախատեսելով նաև դրույթ առ այն, որ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու համար քվեարկությունն իրականացնելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամները հաշվի են առնում փորձագետների կարծիքները:
Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգում ներգրավված մարմինների ընդհանուր բարեվարքության ամրապնդման նպատակով՝ նախագծերի փաթեթով առաջարկվում է բարեվարքության ուսումնասիրություն անցնելու պահանջ սահմանել նաև դատախազների թեկնածուների համար, ինչը կնպաստի դատախազության համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազմանը և բարեվարքության ամրապնդմանը: Դատական համակարգում բարեվարքության ամրապնդման առումով նախագծով առաջարկվում է բարեվարքության ուսումնասիրություն անցնելու պահանջ սահմանել ոչ միայն դատավորների թեկնածուների հավակնորդների, այլև վերաքննիչ դատարանի կամ վճռաբեկ դատարանի դատավոր դառնալու նպատակով առաջխաղացման ցուցակում ընդգրկվող անձանց նկատմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում