Երեկ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, Անկախության տոնի առթիվ, սահմանադրական կարգի պահպանության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրվել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Ծովակ Արայիկի Մնացականյանը։
Սակայն ուշագրավն այն է, որ Ծովակ Մնացականյանը հայտնվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կասկածների տակ, և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել Մնացականյանի բարեվարքության վերաբերյալ։
Մասնավորապես՝ 2023-ին Մնացականյանը հավակնել է առաջխաղացում ունենալ Դատախազությունում, որի համար պետք է բարեվարքության ստուգում անցներ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել Մնացականյանի բարեվարքության վերաբերյալ։ Ավելին՝ նրա հայտարարագիրը կասկածներ է հարուցել, և կառույցից դիմել են Դատախազություն՝ վարույթ նախաձեռնելու հարցով, և վարույթ է հարուցվել։
Ամենայն հավանականությամբ, այս պահին Մնացականյանին առնչվող վարույթը կարճվել է։
Ի դեպ, ԿԿՀ-ն մի քանի անգամ է Ծովակ Մնացականյանի բարեվարքության վերաբերյալ նույն հիմքով բացասական եզրակացություն տվել, որի պատճառով նաև տևական ժամանակ առաջխաղացում չէր ունենում։
Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի երեք անդամներից երկուսը քվեարկել են թեկնածուի բարեվարքության վերաբերյալ դրական եզրակացություն տրամադրելու օգտին, մեկը՝ բացասական»։
Հավելենք, որ Ծովակ Մնացականյանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Սերժ Սարգսյանի, Գագիկ Բեգլարյանի, Արմեն և Սերգեյ Սմբատյանների, Հասմիկ Պողոսյանի, Նարեկ Մալյանի, Պողոս Պողոսյանի սպանության, այս գործով կեղծ փորձագիտական եզրակացություն տալու և մի շարք այլ աղմկահարույց գործերով դատախազն է։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























