Մարդու իրավունքների պաշտպանը հուլիսի 21-ից մինչեւ հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելությանն առնչվող հարցերով ստացել է թվով 55 անձից կոլեկտիվ եւ 49 անհատական դիմում-բողոք: Ուսումնասիրելով բողոքների բովանդակությունը եւ ՀՀ վերաբերելի օրենսդրությունը, ինչպես նաեւ առաջնորդվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով՝ Մարդու իրավունքների պաշտպանը ձեռնպահ է մնում այնպիսի հարցերի մասին գնահատական տալուց, որոնք չեն առնչվում Պաշտպանի իրավասությանը կամ արդեն իսկ դիմողների կողմից ներկայացված են դատարանի քննարկմանը:
Այսպես, դիմորդների եւ նրանց ծնողների՝ ՄԻՊ-ին հասցեագրած բողոքները եւ հրապարակային մտահոգությունները, ինչպես նաեւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն պաշտոնական պարզաբանումները հնարավորություն են տվել ձեւավորել հետեւյալ եզրահանգումները.
- կառավարության 2020թ. մայիսի 21-ի թիվ 826-Ն որոշման նախագծին կից ներկայացված հիմնավորումներից պարզ է դառնում, որ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգը փոխելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությամբ։ Նման դեպքերում պետք է նկատի ունենալ, որ արտակարգ դրության փաստը ավելի է մեծացնում պետության պոզիտիվ պարտավորությունների աստիճանը եւ իրավական բեռը, քանի որ յուրաքանչյուր սահմանափակում պետք է լինի անհրաժեշտ, իրավաչափ եւ համաչափ կոնկրետ իրավիճակին եւ ծառայի կորոնավիրուսի կանխարգելմանը։
- Նախարարությունը ՄԻՊ-ին հայտնել է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգի վերաբերյալ իրականացվել են իրազեկման աշխատանքներ, սակայն Պաշտպանի աշխատակազմի դիտարկումները վկայում են, որ, նախ, կարգին վերաբերող կառավարության որոշման դրույթները մեծածավալ լինելու պատճառով ներկայացված չեն եղել դիմորդների համար նախատեսված մատչելի տարբերակով, եւ երկրորդ՝ ժամանակային սղությամբ պայմանավորված՝ դիմորդները չեն ունեցել ընդունելության նոր կարգին լիարժեք ծանոթանալու հնարավորություն:
Այս եզրահանգման հիմքում ընկած հիմնական գաղափարն այն է, որ ընդունելության նոր կարգի վերաբերյալ իրազեկման աշխատանքների համար պետք է սահմանվեր առնվազն ընդհանրական բնույթի ռազմավարություն կամ ժամանակացույց, որի շրջանակում իրավասու մարմինները կապահովեին տեղեկատվության իրական ու թիրախային հասանելիություն հավասարապես բոլոր դիմորդների համար: Այս տեսանկյունից պետք է հատուկ ուշադրության առարկա դառնար հատկապես գյուղական վայրերում բնակվող դիմորդների, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող մարդկանց իրազեկվածության ապահովմանը վերաբերող հարցերը։ Իրազեկման աշխատանքների արդյունավետ իրականացման համար կարեւոր է նաեւ դպրոցների ուսուցիչների մասնակցությունն ու ներգրավվածությունը:
Ընդ որում, այս աշխատանքները պետք է իրականացվեին նախապես՝ արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո, երբ ընդունելության կարգի փոփոխության համար առկա էր ողջամիտ կանխատեսելիություն:
- Հասկանալի է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը կարող է պահանջել նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումների անցկացման սեղմ ժամկետներ, սակայն նախագծերի ընդունման հրատապությունը չի վերացնում այդ փաստաթղթերի մասին հանրային քննարկումներ անելու անհրաժեշտությունը:
Արդյունքում պետք է արձանագրել, որ թե՛ կառավարության 2020թ. մայիսի 21-ի թիվ 826-Ն որոշման, թե՛ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի վերաբերյալ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանրային քննարկումներ չեն իրականացվել։
- Պատշաճ քննարկումներ չանցկացնելն առաջացրել է բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունելության կարգին առնչվող փաստաթղթերի գործնական կիրառելիության խնդիրներ: Ավելին, առաջարկվող լուծումների վերաբերյալ հանրային ոչ բավարար իրազեկվածությունը հանգեցրել է շահագրգիռ կողմերի՝ խնդրո առարկա կարգավորմամբ հետապնդվող նպատակի վերաբերյալ անորոշության ու նույնիսկ կրթության իրավունքի պատշաճ իրացման պայմանների տեսանկյունից անբարենպաստ հետեւանքների:
- Կառավարության որոշման եւ օրենքի նախագծերին կից ներկայացված հիմնավորումների ուսումնասիրությունը վկայում է, որ դրանցում առկա չէ այդ փաստաթղթերի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորող բավարար տեղեկատվություն: Մասնավորապես, կառավարության որոշման նախագծի մշակման գործընթացում անհրաժեշտ էր դիտարկել, թե առաջարկվող կարգավորումը գործնականում ինչ հնարավոր ռիսկեր կարող է պարունակել եւ ինչ ազդեցություն կունենա կրթության իրավունքի իրացման տեսանկյունից՝ հաշվի առնելով նաեւ այն, որ 2020-2021 ուսումնական տարվա համար բուհերում ընդունելությունն իրականացվել է մեկ քննության արդյունքների հիման վրա, ու այն էլ՝ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պայմաններում:
- 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգի մշակման փուլում հաշվի չի առնվել արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանափակումների պատճառով խնդիրների առաջ կանգնած դիմորդների՝ բուհ ընդունելության հարցը: Օրինակ, դիմորդը չի կարողացել մասնակցել ընդունելության միասնական քննությանը, քանի որ նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակակիր լինելու հիմքով գտնվել է ինքնամեկուսացման մեջ: Ավելին, դիմորդն ավարտել է միջնակարգ դպրոցը գերազանց առաջադիմությամբ: Արդյունքում ինքնամեկուսացված եւ մեկուսացված անձինք չեն կարողացել մասնակցել ընդունելության քննություններին իրենցից անկախ պատճառներով:
Պաշտպանի աշխատակազմում շարունակվում է բողոքների քննարկումը։
ՎԱՐՊԵՏԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է
Երեւան քաղաքի բնակիչ, 1953թ. ծնված Հրանտ Էդիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Իջեւան» մասնաճյուղում՝ որպես վարպետ, լինելով 18 տարին լրացած անձ, 2017թ. դեկտեմբեր ամսվա վերջերին՝ քննությամբ չպարզված օրը, վերոհիշյալ մասնաճյուղի արհեստանոցում նույն մասնաճյուղի սան, 14 տարին չլրացրած աղջկա միայնակ գտնվելու հանգամանքից օգտվելով, մոտեցել է նրան, բարձրացրել նրա վերնազգեստը, ձեռքերով հպվել նրա մարմնի բաց մասերին, ապա իջեցրել նրա տաբատն ու վարտիքը եւ հպվել սեռական օրգանին՝ աղջկա նկատմամբ կատարելով անառակաբարո գործողողություն։
Հ. Էդիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 2 դրվագով («Անառակաբարո գործողությունները քսանմեկ տարին լրացած անձի կողմից ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ»)։ Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է երկուսից հինգ տարի ժամկետով ազատազրկում։ Հ. Էդիլյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը։ Սույն քրեական գործով որպես տուժող անցնում են երկու անչափահաս, 14 տարին չլրացած աղջիկներ։ Այդ քրեական գործով դատավարության առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում նշանակված է օգոստոսի 5-ին։
ՀԱՄԱՃԱՐԱԿԸ ԽԱՆԳԱՐԵՑ
Այս տարի Հայ առաքելական եկեղեցու տոնացույցով Վարդավառը տոնվեց հուլիսի 19-ին։ Տավուշի մարզի բնակչության հիմնական մասը Վարդավառը տոնում է ոչ թե եկեղեցու տոնացույցով, այլ հուլիսի 20-ից հետո առաջին կիրակի օրը, որն այդ տարի հուլիսի 26-ին էր։ Այս անգամ, պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով եւ արտակարգ դրությամբ, տավուշցիները Վարդավառը տոնեցին ոչ ավանդական խանդավառությամբ՝ խուսափելով մարդաշատ միջոցառումներ կազմակերպելուց։ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղում ավանդաբար Վարդավառը տոնում են օգոստոս ամսվա առաջին կիրակի օրը, որն այս տարի օգոստոսի 2-ին էր։ Ամեն տարի Վարդավառին ծագումով ոսկեպարցի, Ռուսաստանում բնակվողները ընտանիքներով ավտոմեքենաներով վերադառնում էին Ոսկեպար, շքեղորեն տոնում Վարդավառը։ Քանի որ համաճարակի պատճառով մարդատար ավտոմեքենաների համար Ռուսաստան-Վրաստան-Հայաստան ճանապարհը փակ է, Վարդավառին Ռուսաստանից Ոսկեպար մեկնողներ չեղան։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ