ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լուկաշենկոյի դեմ ցույցներն ու աջակիցները. ինչ իրավիճակ է Բելառուսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսում բողոքի ակցիաները չեն դադարում: Ուշագրավ է, որ երեկ Մինսկում անցկացվեց Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմնակիցների ցույցը, որին մասնակցել է նաև ինքը: Հետաքրքիր է, որ տարբեր աղբյուրներ հավաքի մասնակիցների տարբեր թվեր են նշում: Ըստ այդմ, պետական լրատվամիջոցները նշում են 60 հազար մարդու մասնակցության, իսկ այլ աղբյուրները՝ մի քանի հազար մարդու մասին:

Դրան զուգահեռ շարունակվել են նաև նրա դեմ բողոքի ակցիաները, որոնք ավելի բազմամարդ են:«Հանուն ազատության» կարգախոսով Մինսկում տեղի ունեցած զանգվածային երթին ըստ տարբեր գնահատականների՝ 100-ից 200 հազար մարդ է մասնակցել: Նրանք իշխանություններին մեղադրում են նախագահական վերջին ընտրություններում ձայներ կեղծելու մեջ և դատապարտում են ցուցարարների դեմ բիրտ ուժի կիրառումը:

Բողոքի բազմամարդ ցույցեր են անցկացվել նաև Բելառուսի այլ քաղաքներում: Մասնակիցները ևս պահանջել են Լուկաշենկոյի հրաժարականը,  ինչպես նաև պահանջել են պատասխանատվության ենթարկել ցուցարարների և ընդդիմության դեմ ուժ կիրառողներին:

Նկատենք, որ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ընտրություններում, ըստ Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է քվեների ավելի քան 80 տոկոսը և վեցերորդ անգամ ընտրվել է հանրապետության ղեկավարի պաշտոնում:

Ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ստացել է քվեների մոտ 10 տոկոսը: Հարևան Լիտվայում ապաստանած Տիխանովսկայան չի ընդունում պարտությունը և ժողովրդին կոչ է անում խաղաղ միջոցներով պայքարել արդարությունը վերականգնելու համար:

Բելառուսում ընտրություններից հետո սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ, տեղի են ունեցել ընդհարումներ, ոստիկանությունը չափազանց կոշտ միջոցներ է ձեռնարկել, կան հազարավոր ձերբակալվածներ և վիրավորներ, զոհվել է առնվազն երկու մարդ:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս