ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրների դիմումի ճակատագիրը՝ անհայտ. ՍԴ-ում նիստեր չեն կայանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնանկությունից մոտ երկու ամիս անց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԲՀԿ-ի հետ միասին  Սահմանադրական դատարանում վիճարկում է այդ գործընթացի օրինականությունը, սակայն երկու ընդդիմադիր ուժերի դիմումի ճակատագիրը մնում է անհայտ: Նախ նշենք, որ Սահմանադրական փոփոխություններով ՍԴ նախագահի պաշտոնից ազատվեց Հրայր Թովմասյանը, դատարանը լքեցին դատավորներ Ալվինա Գյուլումյանը Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը։ «Լուսավոր Հայաստանի» հիմնավորմամբ՝ այս գործընթացն իրականացել է անօրինական։ Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորություններից եւ մինչև երկրորդ ընթերցում փոփոխությունների փաթեթը չի ուղարկել Սահմանադրական դատարան կարծիք լսելու։ Խմբակցությունները զրկվել են բարձր դատարանի պրոֆեսիոնալ կարծիքը լսելու իրավունքից:

Ըստ ԼՀԿ-ի՝ հակասահմանադրական է եղել նաև այն, որ նախագահ Արմեն Սարգսյանը զրկվել է սահմանադրական փոփոխությունները ստորագրելու եւ հրապարակելու լիազորությունից։  Եվ ահա երկու ուժերը որոշել են այս արարքների օրինականությունը վիճարկել Սահմանադրական դատարանում, սակայն ինչպես նշեցինք, նրանց դիմումի ճակատագիրն անհայտ է,  քանի որ հունիսի 30-ից ՍԴ-ում  նիստեր չեն կայանում քվորում չլինելու պատճառով։ Բանն այն է, որ այս պահին դատարանի կազմում վեց դատավոր է, եւ դա բավարար է նիստեր հրավիրելու համար, սակայն Հրայր Թովմասյանը եւ Արևիկ Պետրոսյանը նիստերին չեն մասնակցում՝ չնայած նրանք հետ են կանչվել արձակուրդից։  Եվ եթե Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը շարունակեն չմասնակցել նիստերին, ապա այս եւ այլ դիմումներ ընթացք կստանան արդեն աշնանը, երբ համալրվեն դատավորների թափուր տեղերը։

Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ Ազգային ժողովը նիստ անի եւ ընտրության միջոցով համալրվի դատավորների թափուր տեղերը: Իսկ մինչ այդ մեծ թվով դիմումներ այդպես էլ չեն քննարկվում, Սահմանադրական դատարանը նիստեր չի անցկացնում. այլ խոսքով ասած այս կառույցն անգործության է մատնված, այնինչ այդ պատճառով շատ հարցեր մնում են չլուծված:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս