Արթուր Դավթյանի մտերիմները տեղափոխվում են Երևան և նոր պաշտոններ ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այսօրվա հրամանով ՀՀ Կոտայքի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Հովհաննիսյանը փոխադրվել և նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնում: ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ,  արդարադատության առաջին դասի պետական խորհրդական Պետրոս Պետրոսյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազի պաշտոնում:

ArmLur.am-ը ոչ մեկ անգամ էր գրել, որ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շարունակում է իրեն շրջապատել մտերիմներով եւ մարզային դատախազներին բերում եւ նշանակում է տարբեր պաշտոնների արդեն Երեւանում՝ իր կողքին: Եվ Սեւակ Հովհաննիսյանի նշանակումը եւս տեղավորվում է այդ տիրույթում, քանի որ վերջինս Արթուր Դավթյանի մտերիմներից է:

Նշենք, որ ArmLur.am-ը դեռևս 2018 թվականի հունիսին զրուցել էր Սևակ Հովհաննիսյանի հետ, որն այն ժամանակ զբաղեցնում էր Արարատի մարզի դատախազի պաշտոնը եւ իր աշխատասենյակում՝ պատին փակցված էր Սերժ Սարգսյանի լուսանկարը:  Նկատենք, որ ՀՀ դատախազության մասին օրենքի 7-րդ հոդվածը, որը վերաբերում է դատախազի ապաքաղաքականացվածության մասին, հստակ սահմանում է. «Դատախազը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատախազը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն»: Եվ ահա, տարբեր տեղեր տեղափոխվելուց հետո Արթուր Դավթյանը Սևակ Հովհաննիսյանին բերեց իր մոտ՝ նրան նշանակելով Երևան քաղաքի դատախազ:

Իսկ ահա Պետրոս Պետրոսյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազներից մեկն է, իսկ մյուսը՝ Գևորգ Բաղդասարյանն, օրեր առաջ նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

Ք.Մ.




Լրահոս