Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 1-ին Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն:
Նախագահը պետական բարձր պարգեւներ է հանձնել Պաշտպանության բանակի զինծառայողների, ազատամարտիկների, Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների, առողջապահության, կրթության, գիտության ոլորտների ներկայացուցիչների:
Գիտության, կրթության եւ առողջապահության բնագավառներում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ անձանց շնորհվել են ԼՂՀ պատվավոր կոչումներ:
Գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել ՊԲ զինծառայողներ Կարեն Շաքարյանին, Կարեն Առստամյանին եւ Սամվել Պողոսյանին եւ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Արայիկ Գրիգորյանին:
Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան է շնորհվել ԱՀ գլխավոր դատախազի տեղակալներ Էրիկ Վերդիյանին եւ Սասուն Գաբրիելյանին:
Նախագահ Հարությունյանը շնորհավորել է պարգեւատրվածներին ու նշել է, որ սեպտեմբերի 2-ը պատմական օր է, համազգային հպարտության, հայ ժողովրդի արցախյան հատվածի երբեմնի ոտնահարված իրավունքների վերականգնման եւ արժանապատիվ ներկան ու ապագան խորհրդանշող օր:
«Միասնականությունը եւ ներդաշնակությունը համազգային գաղափարի շուրջ, որ դրսեւորեց հայ ժողովուրդն այդ փուլում, օրինակելի էր»,- ընդգծել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ այսօր, առավել քան երբեւէ, մեր ազգային հավաքական ուժի շնորհիվ պետք է կառուցենք մեր երազանքների Հայրենիքը:
Խոսելով անելիքների մասին՝ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ պետականությունը պետք է պաշտպանել, շարունակաբար ամրապնդել ու զարգացնել, որի համար առկա է ամենակարեւոր նախադրյալը՝ մարդկային ռեսուրսը:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ: