Սեպտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը կանխվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրու լոկոմոտիվային դեպոյում գտնվող էլեկտրքարշից էլեկտրական մալուխ գողանալու փորձը: Ոստիկանության եւ ընկերության Անվտանգության ծառայության համատեղ ջանքերով ձերբակալվել է կասկածյալը, ով նշված դեպոյի փականագործն է:
Երկաթուղու ԱԾ աշխատակիցները կեսգիշերին մոտ դեպոյի տարածքում կասկածելի ակտիվություն նկատեցին, որի մասին հայտնեցին Ոստիկանություն, եւ դեպքի վայր օպերատիվ ժամանած ոստիկանների հետ համատեղ շրջապատեցին տարածքը:
Դեպքի վայրում հայտնաբերված անձը N1356 էլեկտրաքարշից կտրել է 22 մետրանոց բարձր լարման էլեկտրամալուխը եւ պատրաստվում էր այն դուրս հանել դեպոյի տարածքից: Միջադեպի արդյունքում ընկերությունը զգալի նյութական վնաս է կրել:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն բարձր է գնահատում Ոստիկանության օպերատիվ արձագանքը եւ ընկերության Անվտանգության ծառայության հետ արդյունավետ փոխգործակցությունը: