ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին այս օրերին տարբեր ահազանգեր են ստացվել՝ կապված քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին ծեծի ենթարկելու մասին: Ահազանգի հիման վրա իրականացվել է արագ արձագանքման այց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այցի ընթացքում պարզվել է, որ ահազանգով նկարագրված դեպքի պահին պատժախցում գտնվել է ազատազրկված 3 անձ:

 

Այցի ընթացքում արձանագրվել են այնպիսի տեղեկություններ, որոնք ենթակա են ստուգման Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում: Առհասարակ, վերջին օրերին մեկը մյուսի հետեւից հաղորդագրություններ են տարածվում քրեական հեղինակությունների դեմ պայքարի մասին, անգամ «օրենքով գողեր» են ձերբակալվել եւ կալանավորվել: Եվ ի՞նչ ունենք արդյունքում, ինչպե՞ս է Մարդու իրավունքների պաշտպանն արձագանքում այս գործողություններին:

Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:

-Արդեն մեկ տարի է՝ գործում է քրեական ենթամշակույթի դեմ պայքար ենթադրող օրենքը, սակայն արդեն դժգոհություններ են հայտնում: Արդյոք Դուք բողոքներ ստացե՞լ եք, եւ որո՞նք են լինելու այս մասով Ձեր քայլերը:

-Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը կարեւոր գործառույթ է, եւ, այո՛, պետությունները պետք է պայքարեն քրեական ենթամշակույթի դեմ: Դա նաեւ պատճառ կամ ծնող պայման է հանդիսանում այլ խախտումների համար: Դրա պատճառով մարդիկ են զոհվում եւ այլն: Ես՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, հայեցակարգ եմ հրապարակել, որը վերաբերում է քրեական ենթամշակույթի դեմ պայքարին, որը կոմպլեքս գործողություններ է  ենթադրում՝ սկսած քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աշխատավարձի բարձրացումից:  Հատկապես շեշտը դրվում է առաջին անգամ նման վայր մուտք գործող անձին հետ պահելու համար այդ երեւույթից: Դա արվում է հատուկ ծառայությունների միջոցով, դրանք առանձնացվում են, եւ պետությունը պետք է հասկանա, թե ովքեր են նրանք, եւ նրանց հետ աշխատանքներ տանի, նաեւ կալանավայրերում գտնվող այլ անձանց հետ: Եվ եթե մենք խոսում ենք քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին, պետք է հասկանալ, որ խոսքը չի գնում միայն ազատությունից զրկված անձանց մասին, այլ նաեւ խոսքը վերաբերում է առհասարակ հանցավորության դեմ պայքարին: Մենք իրավապահներից դժգոհություններ չենք ստացել, սակայն միայն օրենքը ոչինչ չի կարող փոխել: Այս պահին դեռ տեսանելի փոփոխություններ չկան, որը կմեծացնի այս օրենքի դերակատարությունը: Իհարկե, այն կարեւոր է, սակայն մենք պետք է ունենանք նաեւ բաղկացուցիչ մասեր, որ դրանք ունենան մեծ ազդեցություն: Եվ կարեւորելով այդ պայքարի մեկնարկը՝ կարող եմ ասել, որ այն երկարաժամկետ կամ կայուն արդյունքներ չի տալու, եթե չլինեն կոմպլեքս լուծումներ: Իհարկե, այլ երկրներում եւս եղել են դեպքեր, երբ արդյունավետ պայքար չի իրականացվել, եղել են ձախողումներ եւ այդ  նույն պատճառով:

-Իսկ ինչպե՞ս եք հետեւում իրավիճակին, ի՞նչ քայլեր եք անում:

-Այս հարցը մեր անմիջական մոնիթորինգի տակ է, մենք հետեւելու ենք, թե ինչպես է այս օրենքը կիրառվում: Այս վերջերս, երբ ՔԿՀ-ներում դեպքեր տեղի ունեցան, ես գրություններ եմ ուղարկել եւ հարցադրումներ եմ արել ոչ միայն այդ իրադարձությունների շուրջ, որպեսզի պարզաբանումներ արվեն, այլ նաեւ հարցադրումներ եմ արել քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին, որպեսզի մենք հասկանանք: Ես ոչ թե արդեն քննադատական գնահատական եմ տվել, այլ փորձել եմ հասկանալ, թե այդ գործողությունները որքանով են կապված եղել այդ օրենքի կիրառման հետ, եւ եթե կապված են եղել, ապա ինչ աստիճանի , ինչ նպատակ է հետապնդվել դրանով: Եթե մեր գործընկերները ցույց տան, որ իսկապես եղել են իրավական հիմքեր, եւ ֆիզիկական ուժը համաչափ է եղել, ապա մենք գնահատական կտանք հենց այդ հիմքով:

-Ձեր աշխատակիցները եղել էին այնտեղ, իսկապե՞ս ծեծի ենթարկված եւ հիվանդանոց տեղափոխված անձինք են եղել:

-Մենք այդ օրն ահազանգ ստացանք, որ կա անձ, որը ենթակվել է բռնության, հետո նաեւ  փաստաբանից ահազանգ արդեն մեկ այլ անձի կողմից: Այո, ՔԿՀ ծառայողներն ունեն հատուկ միջոցներից օգտվելու իրավունք, բայց այստեղ կարեւոր է հասկանալ համաչափության գնահատումը: Մեր կարծիքով՝ անպայման պետք է դիտարկել քրեական վարույթի շրջանակը: Մենք առանձնազրույց ենք ունեցել երեք անձի հետ, եւ նրանցից երկուսի վրա եղել են մարմնական վնասվածքի հետքեր: Դրանք մենք արձանագրել ենք:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՎԱՏՆԵԼ ԵՆ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա, ուսումնասիրվել է Աղձքի հայ արքանների դամբարանում եւ հարակից տարածքում պեղումներ իրականացնելու համար հատկացված պետական միջոցների ծախսման գործըթնացը՝ վերաբերելի այլ փաստաթղթեր պահանջելով «Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

 

Պարզվել է, որ Աղձքի հայ արքանների դամբարանում եւ հարակից տարածքում պեղումներ իրականացնելու նպատակով 2018 թվականի հունվարի 30-ի պայմանագրով ՀՀ մշակույթի նախարարության կողմից «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացվել է 15մլն ՀՀ դրամ սուբսիդիա:

Գրեթե նույն ընթացքում ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեից համապատասխան պայմանագրով ՊՈԱԿ-ին, որպես դրամաշնորհ, հատկացվել է եւս 12 միլիոն ՀՀ դրամ գումար: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված աշխատակիցներին գիշերավարձի եւ օրապահիկի համար կատարված վճարումներն իրականացվել են առանց հիմնավորող փաստաթղթերի: Իսկ գործուղումների ընթացքում վարձակալած տրանսպորտային միջոցին յուրաքանչյուր օրվա համար 15 լիտր բենզին տրամադրելու հանգամանքը վկայում է, որ աշխատակիցները նույն օրը վերադարձել են աշխատանքի հիմնական վայր, ինչի պայմաններում նրանց չպետք է տրվեին գիշերավարձի եւ օրապահիկի համար նախատեսված գումարները:

Բացի այդ, ԿԳՄՍ նախարարության կողմից ՊՈԱԿ-ում իրականացված ներքին աուդիտի արդյունքում պարզվել է, որ 2015-2018թթ. Աղձքում պեղումների համար պետական բյուջեից հատկացված միջոցներից «որպես այլ մասնագիտական ծառայությունների, այլ ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերում» տողերից պակաս վճարված 11.6մլն ՀՀ դրամն ուղղվել է ծառայողական գործուղումներին եւ ավտոմեքենաների վարձակալություններին:

Առերեւույթ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալների հիման վրա՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2019թ. հունիսի 4-ից զբաղեցնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալի պաշտոնը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ եւ լինելով գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ, «Լուառ» եւ «Էլիտ Սպրտ» առեւտրային կազմակերպությունների սեփականատեր եւ գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2.000.000 ՀՀ դրամ կաշառք իր կողմից ընդհանուր հովանավորչության, վերջինիս ներկայացրած առեւտրային կազմակերպությունների կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության եւ դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու եւ հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։

Էդուարդ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության վարորդ եւ սպասարկելով նախարարի տեղակալ, գործադիր իշխանության մարմնի ղեկավար աշխատող եւ պաշտոնատար անձ հանդիսացող Գեւորգ Լոռեցյանին, տեղեկատվություն եւ միջոցներ տրամադրելու, ինչպես նաեւ խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է վերջինիս՝ «Լուառ» եւ «Էլիտ Սպրտ» առեւտրային կազմակերպությունների սեփականատեր եւ գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից առանձնապես խոշոր չափերով՝ 2.000.000 ՀՀ դրամ կաշառք պահանջելուն, ընդհանուր հովանավորչության, Հ. Քանանյանի ներկայացրած առեւտրային կազմակերպությունների կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության եւ դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու եւ հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։

Հրաչիկ Քանանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Լուառ» եւ «Էլիտ Սպրտ» առեւտրային կազմակերպությունների սեփականատեր եւ գործադիր տնօրեն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ, գործադիր իշխանության մարմնի ղեկավար աշխատող եւ պաշտոնատար անձ հանդիսացող Գեւորգ Լոռեցյանին խոստացել է տալ առանձնապես խոշոր չափերով՝ 2?000?000 ՀՀ դրամ կաշառք՝ նրա կողմից ընդհանուր հովանավորչության, իր ներկայացրած առեւտրային կազմակերպությունների կողմից ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության եւ դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու եւ հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։ Մեզ հայտնի դարձավ, որ գործը մակագրվել է  դատավոր Արտուշ Գաբրիելյանին:

 




Լրահոս