Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության եւ Բենիլյուքսի պետությունների (Բելգիայի Թագավորություն, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Նիդերլանդների Թագավորություն) միջեւ անօրինական բնակություն հաստատած անձանց հետ ընդունման (ռեադմիսիա) մասին» Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքված Համաձայնագրի արձանագրության վավերացման մասին հարցը:
Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը քննարկման ժամանակ առաջարկեց վավերացնել եւս 2 նման արձանագրություն, որոնք ավելի վաղ կնքվել են Բուլղարիայի եւ Գերմանիայի հետ համապատասխան համաձայնագրերի շրջանակում: «Դա հատկապես կարեւոր է անօրինական միգրացիայի դեմ պայքարի համատեքստում»,-նշեց Ղազարյանը:
Բացի այդ, Միգրացիոն ծառայության տվյալներով՝ 2017 թվականին Բելգիայից 56 մարդու ռեադմիսիայի մասին 32 հայտարարություն է ստացվել, որից 47-ի համար տրվել է դրական պատասխան, իսկ Նիդերլանդներից ստացվել է 201 մարդու ռեադմիսիայի մասին 85 հայտարարություն, որից դրական պատասխան է տրվել 138 մարդու:
Համեմատաբար կարճատեւ քննարկումներից հետո հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց: