«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքները և հարակից 5 օրենքները (այսուհետ՝ Օրենքներ) Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2020թ. սեպտեմբերի 7-ին:
Հանրապետության նախագահը կարևոր է համարում բնակչության պաշտպանության և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով օրենքների ընդունմամբ առաջարկվող նոր կարգավորումները:
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Օրենքների զգալի ազդեցությունը մարդկանց անձնական և հանրային կյանքի վրա, ինչպես նաև այն հանգամանքը, որ Օրենքներով նախատեսվում է մարդու որոշ հիմնարար իրավունքների սահմանափակման հնարավորություն, Հանրապետության նախագահն ընդգծում է նոր կարգավորումների բարեխիղճ և բարձր պատասխանատվությամբ կիրառման անհրաժեշտությունը:
Օրենքների կիրարկման ընթացքում պետք է երաշխավորվեն յուրաքանչյուր անձի անձնական տվյալների, ներառյալ բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների, արդյունավետ պաշտպանության իրավունքը և դրա իրացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի սահմանումը, անձի տեղեկատվություն փնտրելու և ստանալու, հավաքների կազմակերպման սահմանադրական իրավունքների անհամաչափ սահմանափակման բացառումը, յուրաքանչյուր անձի իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը:
Օրենքներով նախատեսված միջոցառումները պետք է իրականացվեն համաչափ և հստակ. այդ նպատակով առաջարկում ենք, անհրաժեշտության դեպքում, ընդունել լրացուցիչ օրենսդրական և ենթաօրենսդրական իրավակարգավորումներ:
Հանրապետության նախագահը կարևորում է, որ Օրենքներով առաջարկվող յուրաքանչյուր միջոցառում և դրա իրականացման համար նախատեսված ժամկետ լինի համաչափ բնակչության անվտանգության և առողջության պաշտպանության նպատակին, իսկ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և սահմանափակումների կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնող մարմինների գործողությունները` համարժեք լինեն իրավիճակին։
Ստորագրելով Օրենքները՝ Հանրապետության նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հետևելու է դրանց կիրառմանը: