Լուրերը, իբրև սնունդ չկա, զենք չկա, հագուստ չկա, սուտ են․ կամավորականը՝ առաջնագծից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան պատերազմի, ներկա իրադրության եւ այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է կամավորական Արմեն Մկրտչյանի հետ։

-Պարոն Մկրտչյան, ե՞րբ եք մեկնել առաջնագիծ։

-Արցախ մեկնել ենք առաջին իսկ օրվանից, կամավորագրվել Արցախի Ազատամարտիկների միությանը, դարձել գրոհային ջոկատ: Ասեմ, որ ամենակարևոր բանը, որը կարելի է ֆիքսել, դա արցախցու անկոտրում կամքն է: Արցախցին հող հանձնող չի, նահանջող չի: Միանշանակ կարող եմ պնդել, որ լուրերը, իբրև սնունդ չկա, զենք չկա, հագուստ չկա, սուտ ու զրպարտանք են: Իհարկե, առաջին օրերին փոքր-ինչ խառնաշփոթ կար, բայց ամեն բան կարգին է:

-Իսկ այժմ ինպիսի՞ն է իրադրությունն առաջնագծում։

-Առաջնագծում մարտական ոգին բարձր է: Ամեն օր սխրանքներ գործելով՝ հայ զինվորը, կամավորը, աշխարհազորայինը պաշտպանում են հայրենի հողը թուրքա-ադրբեջանաահաբեկչական խմբավորումներից:

֊Արդեն մեկ ամիս է, ինչ սահմանին եք, ինչպե՞ս եք զգում ձեզ արդյոք վնասվածքներ ունեք։

-Ինքս թեթև վնասվածքներ ունեմ, բայց ամեն բան կարգին է: Արեգասարի ազատագրման օպերացիայի ժամանակ ծանր վիրավորվեցին երկու ընկերներս, ցավոք, մեր ջոկատը նաև զոհեր տվեց այս օրերին:

֊Պարո‘ն Մկրտչյան, իսկ այս օրհասական իրավիճակում ի՞նչ ակնկալիքներ ունեք դիվանագիտական ճակատից։

-Կարծում եմ դիվանագիտական ճակատը պիտի արտահայտի այն, ինչ անում և ցույց է տալիս հայոց հաղթական բանակը՝ գերմարդկային ուժ ու դիմադրություն, կամք ու տոկունություն: Վերջակետ դնողը հայ զինվորն է: Ոչ մի պարտվողական կեցվածք: Ակնկալել միջազգային հանրությունից կարեկցանք՝ անիմաստ է: Հեռու չեն օրերը, երբ Թուրքիան չարաբաստիկ միջազգային հանրության աչքի առաջ հողին հավասարեցրեց Սիրիան: Բազմաթիվ օրինակներ կան:

֊Արդեն հրադադարի պահպանման երրորդ փորձն է, ինչ ձախողվում է, ըստ Ձեզ՝ ինչու՞։

-Հրադադարը չի պահպանվում, քանի որ Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարության նպատակը Հայաստան պետության և հայ ժողովրդի ոչնչացումն է: Մեր դաշնակից Ռուսաստանի, Մինսկի խմբի անդամ ԱՄՆ-ի, բարեկամ Ֆրանսիայի ջանքերը ագրեսոր, տեռորիստական երկրների հետ բանակցելու, ցավոք, ապարդյուն են:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս