Հայաստանում 2021 թվականի պետական բյուջեի նախագծով 2020 թվականի համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական անկում, իսկ 2021-ի համար՝ 4.8 տոկոս աճ. այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Ներկայացված նախագծով 2020 թվականի համար կանխատեսվում է տնտեսական աճի բացասական 6 տոկոս մեծություն, իսկ 2021-ի համար այն գնահատված է 4.8 տոկոս»,-ասել է նա։ Այսպիսով, 2020-ի համար նախկինում կանխատեսված 2.6 տոկոս անկումը վերանայվել է՝ կազմելով 6 տոկոս: Ակնհայտ է, որ այս ցուցանիշները տարբերվում են ԱԺ-ի կողմից հոկտեմբերին ընդունված օրենքից: Չի բացառվում նաեւ հաջորդ տարվա կանխատեսման վերանայում:
Պահանջարկի վերականգնմանը զուգահեռ ենթադրվում է, որ գնաճը կմոտենա նպատակային ցուցանիշի ստորին շեմին: Արտաքին պահանջարկի կանխատեսումների վերանայումների ազդեցությունը 2020 թվականի տնտեսական աճի վրա գնահատվում է 0.9 տոկոսային կետ դրական մեծություն, իսկ 2021-ի համար՝ նույնքան բացասական: Նախարարի խոսքով՝ սա հանգեցրել է այս ցուցանիշի չեզոք ազդեցության գնահատման ՀՀ տնտեսության վրա:
Անդրադառնալով 2020-ի ցուցանիշներին՝ նախարարը հիշեցրեց, որ համավարակի ազդեցությամբ պայմանավորված՝ առաջին կիսամյակում ՀՆԱ-ն կրճատվել է 5.7 տոկոսով: Հիմնական բացասական ազդեցությունն արձանագրվել է ծառայությունների ոլորտում, պահանջարկի նվազումն էլ պայմանավորված է եղել սպառման եւ ներդրումների կրճատմամբ:
Տարեսկզբից տնտեսությունում արձանագրվել էին անցյալ տարեվերջի լավատեսական սպասմանը համապատասխան զարգացումներ, եւ աճի համեմատաբար բարձր տեմպեր էին նկատում, մինչդեռ մարտից դրանք կտրուկ դանդաղել են՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի բացասական տնտեսական ազդեցությամբ: Ամենից խորը տնտեսական անկումը գրանցվել է ապրիլին. դա որոշակիորեն մեղմվել է մայիսին՝ պայմանավորված որոշակի տնտեսական գործունեությունների սահմանափակումների վերացմամբ կամ մեղմամբ: Հուլիսին տնտեսական անկումը կրկին խորացել էր, սակայն օգոստոսին նկատվել է մեղմում:
Ըստ նախարարի՝ կանխատեսվում է, որ Հայաստանի պարտքը 2021-ին թվականին կաճի, սակայն 2020-ի համեմատ՝ այդ ցուցանիշը կարող է նվազել մոտ 1.7 տոկոսով: «Ակնհայտ է, որ մենք ունենալու ենք պարտքի հարաբերական եւ անվանական ցուցանիշների ավելացում: Եվ սա ուղղությունն է, որին պետք է հարկաբյուջետային քաղաքականությունը ծառայի ճգնաժամի ընթացքում: 2020-ը գնահատում ենք ճգնաժամային եւ չենք համարում, որ 2021-ին վերականգնումը միանգամից է տեղի ունենալու, հետեւաբար բացառիկ է գնահատվում նաեւ 2021 թվկականը: Եվ դրանով պայմանավորված՝ մենք ունենալու ենք պարտքի աճ: Սակայն 2021-ի համար ներկայացված շրջանակում ենթադրվում է, որ 2020-ի հետ համեմատած՝ մենք կարող ենք ունենալ պարտքի ցուցանիշների հարաբերական նվազում՝ մոտ 1.7 տոկոսային կետով»,- ասել է նախարարը:
Նա հիշեցրեց նաեւ՝ ենթադրվում է, որ 2021 թվականի համար կունենանք տնտեսության վերականգնում եւ որոշակի տնտեսական աճ, ինչը տրամաբանական է դարձնում հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարելավման սպասումը՝ շուրջ 0.5 տոկոսային կետով: Հայաստանում 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծով հաջորդ տարվա համար նախատեսվում է 1 տրլն 569 մլրդ դրամ եկամուտ, նախատեսվող ծախսերի չափը 1 տրլն 843 մլրդ դրամ է: «1 տրլն 569 մլրդ դրամ ընդհանուր եկամուտների եւ 274 մլրդ դրամ պակասուրդի ֆինանսավորման աղբյուրների հաշվին ենթադրվում է, որ կկարողանանք իրականացնել 1 տրլն 843 մլրդ դրամ ծախս»,- նշել է նախարարը։
Ակնկալվում է, որ 2021-ին հարկային եկամուտները կկազմեն 1 տրլն 501 մլրդ դրամ, շուրջ 45 մլրդ դրամ՝ այլ եկամուտները, եւ 23 մլրդ դրամ՝ պաշտոնական դրամաշնորհները: Սակայն նախարարը նշեց. «Սա այն դեպքում, երբ մենք 2020-ի համար կանխատեսում էինք այն ցուցանիշները, որոնք ընկած են բյուջեի նախագծի հիմքում, մինչդեռ դրանք վերանայված են»։ 2020 թվականի համար 1 տրլն 355.9 մլրդ դրամ հարկային եկամուտ էր կանխատեվել, մինչդեռ վերանայված օրենքով այն 1 տրլն 320 մլրդ դրամ է: «Թեպետ մեր սպասումներն ավելի դրական են՝ հաշվի առնելով սեպտեմբերի դրական զարգացումները, մենք ակնկալում ենք, որ ավելի բարձր հարկային եկամուտներ կունենանք: Հաշվի առնելով հարկ վճարողների պատասխանատվությունը եւ ներկա իրավիճակի առանձնահատկությունը՝ կարծում ենք, որ ավելի շատ հարկային եկամուտներ կունենանք, քան վերանայված բյուջեով սպասվում է»,-ամփոփել է նա։
ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ Է ՊԵՏՔ
Եթե տեսականորեն ենթադրում ենք, որ պատերազմը երկարատեւ է լինելու, ապա տնտեսական գերակայությունների վերանայում պետք է արվի. այս մասին հայտնել է Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Օրինակ՝ տուրիստական ճյուղը, որը էականորեն տուժել էր արդեն կովիդի պատճառով, երկարատեւ պատերազմի պարագայում ինքնին անարդյունավետ է լինելու:
Սովորական միջին վիճակագրական օտարազգի տուրիստին անհնար է լինելու բացատրել, որ պատերազմը Գառնի-Գեղարդից հարյուր կիլոմետր հեռու է ընթանում. իր համար դա միեւնույն տարածաշրջանն է:
Փոխարենը անհրաժեշտություն կլինի ծանր/ռազմական արդյունաբերությունը զարգացնելը: Քննարկման այլ կոնտեքստ պետք է ստանա, կարծում եմ, նաեւ հանքարդյունաբերությունը»:
2021 ԹՎԱԿԱՆԸ ԼԱՐՎԱԾ ԿԼԻՆԻ
Ստեղծված իրավիճակում, որը պայմանավորված է ռազմական դրությամբ, կարեւորվում է մեր համատեղ ջանքերի կենտրոնացումը. այս մասին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանին հաջողվել է կայուն մակրոտնտեսական միջավայր ապահովել ինչպես 2019 թվականին, այնպես էլ 2020 թվականին, ինչն աննախադեպ հաջողություն է հատկապես համավարակի եւ պատերազմի պայմաններում, որը Թուրքիայի ակտիվ աջակցությամբ սանձազերծել է Ադրբեջանը։ Փոխվարչապետը նաեւ հիշեցրեց, որ երկրի երկարաժամկետ զարգացման եւ ճյուղային ռազմավարությունների վերանայման աշխատանքը սկսվել է 2018 թվականին, իսկ 2019 թվականին արդեն բազմաթիվ շտկումներ են կատարվել ինչպես ճյուղային ռազմավարություններում, այնպես էլ գլոբալ ռազմավարությունում։
«Ակնհայտ է, որ 2021 թվականը լարված է լինելու, բայց ես վստահ եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում մենք կկարողանանք բյուջե ունենալ, որում հաշվի կառնվեն հնարավոր բոլոր ռիսկերը եւ մարտահրավերները, կգեներացվեն անհրաժեշտ բոլոր ռեսուրսները դրանց արդյունավետ չեզոքացման համար, քանի որ դա կապահովի երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը, կայունությունը եւ անվտանգությունը»,- շեշտել է Մ. Գրիգորյանը։
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ՝ ԾԱՌԱՏՈՒՆԿ
Տավուշի մարզպետարանը հայտնում է, որ 10 միլիոն ծառ տնկելու նախաձեռնությունը մեկնարկեց Տավուշի մարզի Հովք համայնքից՝ ունենալով 10 միլիոն հայերի միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ խորհուրդը: «Սա երկարաժամկետ ռազմավարական ներդրում է եւ օրինակներից մեկը, թե ինչպես պետք է հզորացնել երկիրն ու թիկունքը պատերազմական դրության ժամանակ»,- հայտնել է ծառատունկի մասնակից, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին Տավուշի մարզպետ Հ. Չոբանյանը, շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա. Մազմանյանը եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պ. Ցուգունյանը մասնակցել են 10 միլիոն ծառ տնկելու նախաձեռնության շրջանակում իրականացվող ծառատունկին։ Ծրագրի առաջին փուլում նախատեսվում է տնկել 1 միլիոն ծառ։ «Իջեւանի անտառտնտեսության» տարածքում կտնկվի շուրջ 30 հազար տնկի։ Մարզպետարանը կոչ է անում գրանցվել www.10m.am կայքում ու դառնալ 1-ը 10 միլիոնից՝ տեղեկացնելով, որ յուրաքանչյուր մարդ իր ցանկությամբ կարող է տնկել իր իսկ ծառը հատուկ նախատեսած վայրում՝ այն անվանակոչելով իր անունով, եւ կայքի ինտերակտիվ հաշվիչի միջոցով հետեւել ընթացքին։
Ո՞Վ Է ՄԱՐԶՊԵՏԻ ՆՈՐ ՏԵՂԱԿԱԼԸ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 7 մարզերում փոխմարզպետեր են նշանակվել. Տավուշի մարզպետի տեղակալ է նշանակվել Արթուր Հովակիմյանը։ Արթուր Հովակիմյանը Իջեւանի տարածաշրջանի ինքնապաշտպանական մարտերի ակտիվ մասնակից է, երկար ժամանակ եղել Իջեւանի զինկոմը, զինվորական կոչումով գնդապետ է։
ՀԵՐՈՍ ԳՅՈՒՂԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ԱՐՑԱԽ
1988թ. Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական գյուղում են հաստատվել Դաշտային Արցախի Շամխորի շրջանի հռչակավոր Չարդախլու գյուղից բռնագաղթված 310 ընտանիք։ Չարդախլու գյուղից են սերվում Խորհրդային Միության մարշալներ Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, 12 գեներալ, որից 2-ը՝ ցարական բանակի՝ Արշակ Տեր-Ղուկասովը, Ջհան Մարգարյանը։ Երկրորդ աշխարհամարտում Չարդախլուն ունեցել է Խորհրդային Միության 7 հերոս, իսկ գյուղի՝ պատերազմ մեկնած յուրաքանչյուր հինգերորդ բնակիչ զբաղեցրել է բարձրաստիճան հրամանատարական պաշտոն։ Զորականը հիմա մաս է կազմում Տավուշի մարզի Կողբ համայնքի։ Օրերս Զորական գյուղի վարչական ղեկավար Սուրեն Մարտիրոսյանը, հետեւելով իր համագյուղացիների հերոսական օրինակին, Զորականի բնակիչ Լեւոն Ցականյանի հետ կամավորագրվել է եւ մեկնել Արցախ։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ