ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր նիստ է անցկացրել: Քննարկվել է «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը: Կոնվենցիան ստորագրվել է 2019թ. հոկտեմբերի 11-ին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի (վերապահումով), Ղրղզստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության եւ Ուզբեկստանի Հանրապետության միջեւ:
Կոնվենցիայի նպատակն է ԱՊՀ մասնակից պետությունների ինքնիշխանությունը հարգելու եւ ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա միջազգային համագործակցության ամրապնդումը եւ քրեական արդարադատության ոլորտում փոխադարձ օգնության ընդլայնումը:
Փաստաթուղթը կարգավորում է ԱՊՀ մասնակից պետությունների հարաբերությունները՝ կապված պատժի նշանակման պետության դատարանի կողմից պատժի կատարման պետության քաղաքացու նկատմամբ նշանակված՝ ազատազրկման հետ չկապված պատիժների եւ (կամ) քրեաիրավական բնույթի միջոցների կիրառման հետ: Կոնվենցիայի դրույթները կիրառվում են օրինական ուժի մեջ մտած այն դատական վճիռների նկատմամբ, որոնց հիման վրա նշանակվել են ազատազրկման հետ չկապված պատիժներ եւ կիրառվել են քրեաիրավական բնույթի միջոցներ: Նախագիծն ստացել է դրական եզրակացություն: