ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ԼՂ-ում հակամարտության կրկնակի սրման ռիսկ կա». ռուս փորձագետները մտահոգություններ ունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի շուրջ վերջին իրադարձությունների զարգացման ֆոնին «ՌԻԱ Նովոստի»-ին զրուցել է մի շարք փորձագետների հետ, որոնք կարծիք են հայտնել առ այն, որ Լեռնային Ղարաբաղի բարդ հակամարտությունում նոր միջադեպերի առաջացման հնարավորությունը չի կարելի բացառել:

«Ռուսաստանի համար շատ կարևոր է, որ կողմերը պահպանեն հրադադարը։ Ես ողջունում եմ այն, որ ռուս խաղաղապահներն արագ ժամանել են բախումների գոտի, դա շատ կարևոր է։ Բայց, իմ կարծիքով, չի կարելի համարել, որ տարբեր տեսակի միջադեպերի առաջացման վտանգ առկա չէ», – «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է տեղեկատվություն հրապարակել այն մասին, թե ով է խախտել հրադադարը, որը հաստատվել է 1994 թվականին և գոյություն է ունեցել շուրջ 26 տարի:

Նման կարծիք է հայտնել նաև ՌԴ գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կովկասյան բաժնի առաջատար գիտաշխատող Վադիմ Մուխանովը։

«Ոչ մի երաշխիք չկա, որ իրավիճակի կրկնակի սրացում չի լինի։ Առավել ևս այն հայտարարությունները, որոնք անում են հակամարտության կողմերը արդեն հիմա՝ պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո, կասկած չեն թողնում, որ հակամարտության կողմերը պատրաստ են շարունակել իրավիճակի հանգուցալուծումը»,- նշել է փորձագետը։

Նրա կարծիքով՝ կարգավորմանը կարող է օգնել միայն կողմերի և քաղաքական էլիտաների կամքը:

«Առայժմ իրավիճակը գտնվում է առկախված վիճակում։ Եվ, ցավոք, նույն անորոշ վիճակում կգտնվի նաև ռուս խաղաղապահների բրիգադը, որովհետև որոշ չափով նրանք իրավիճակի պատանդներ կլինեն։ Բարձր են սրացումների կրկնության ռիսկերը ոչ միայն Հադրութում, այլ նաև այլ կենսական հատվածներում, այդ թվում՝ Լաչինի միջանցքի սահմաններով»,- եզրափակել է գիտաշխատողը։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս