Հայտնի է Վրաստանի նոր կառավարության կազմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գեորգի Գախարիան 10-րդ գումարման խորհրդարանին է ներկայացրել կառավարության նոր կազմը եւ ծրագիրը: Տեղեկությունը տարածել է կառավարության աշխատակազմը, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:

Դեկտեմբերի 11-ին նոր օրենսդիր մարմնի լիազորությունները ճանաչելուց հետո Վրաստանի կառավարությունը հրաժարական էր նեերկայացրել: Բոլոր նախարարները հիմա պաշտոնակատարներ են:

Կառավարությունում մեծ փոփոխություններ չեն սպասվում: Նոր կառավարությունում նոր կլինի միայն արդարադատության նախարարը. Թեա Ցուլուկիանին, որն այս գերատեսչությունը ղեկավարել է գրեթե 8 տարի, պատգամավոր է դարձել: Արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրվել է Գոչա Լոպտկիպանիձեի թեկնածությունը, որը նախկինում Ցուլուկիանիի տեղակալն էր:

Պորտֆելները բաշխվել են հետեւյալ կերպ՝

• Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար՝ Մայա Ցկիտիշվիլի,

• Վրաստանի արդարադատության նախարար՝ Գոչա Լոպտկիպանիձե,

• Վրաստանի ներքին գործերի նախարար՝ Վախթանգ Գոմելաուրի,

• Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար՝ Նաթիա Թուրնավա,

• Վրաստանի արտաքին գործերի նախարար՝ Դավիդ Զալքալիանի,

• Վրաստանի ֆինանսների նախարար՝ Իվանե Մաչավարիանի,

• Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար՝ Միխայիլ Չխենկելի,

• Վրաստանի օկուպաացված տարածքներից հարկադիր տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար՝ Եկատերինա Թիքարաձե,

• Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության նախարար՝ Լեւան Վաիթաշվիլի:

Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, ապա այն կոչվում է «Եվրոպական պետության կառուցման համար»: Հայտարարված նպատակներն են՝ համավարակի առաջացրած ճգնաժամի հաղթահարում, տնտեսության արագ վերականգնում եւ զարգացում, յուրաքանչյուր քաղաքացու համար կայուն եւ անվտանգ միջավայրի ստեղծում, կառուցվածքային բարեփոխումների շարունակում:




Լրահոս