Armlur.am-ը տեղեկացավ, որ փետրվարի 5-ին ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել: Մենք տեղեկացանք, որ այդ օրը խորհրդարան է գալու նաեւ ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
Բանն այն է, որ հանձնաժողովում պետք է ներկայացվի աղմկահարույց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծերի փաթեթը, որը նախորդ ԱԺ հերթական նիստի ժամանակ չքննարկվեց: Հիմա պետք է այն քննարկվի ԱԺ ԿԳՄՍ հանձնաժողովում, ու այն ներկայացնելու հենց նախարար Դումանյանը:
Նշենք, որ 2020 թ. դեկտեմբերի 3-ին այն որպես անհետաձգելի եւ չզեկուցվող հարց ընդգրկվել էր ՀՀ կառավարության օրակարգում և հավանության արժանացել, մինչդեռ մի շարք բուհեր` ներառյալ Երևանի պետական համալսարանը և Երևանի պետական բժշկական համալսարանը, պահանջել էին հետ կանչել օրենքի նախագիծը` դրա որոշ կետեր անընդունելի համարելով։
Նախագծի անցումային դրույթներում նշվում է, որ «Սույն օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն հոդվածի 12-րդ մասին համապատասխան հանրային բուհերում և հանրային գիտական կազմակերպություններում կառավարման խորհուրդների ձևավորումը այդ բուհերում ու գիտական կազմակերպություններում համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը հինգ տարուց ոչ ավելի ժամկետով նշանակում է ռեկտոր, տնօրեն»: Սա նշանակում է, որ բուհերի ռեկտորներին այսուհետ նշանակելու է նախարարը:
Այն, որ սա հակասահմանադրական է, այլևս քննարկման ենթակա չէ: Սահմանադրության 38-րդ հոդվածի (Կրթության իրավունք) 3-րդ կետը հստակ սահմանում է «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք՝ ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը»:
Սակայն այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք ևս. արդյոք այս փոփոխությունը վերաբերելու է միայն թափուր մնացած ռեկտորների պաշտոնների՞ն, թե՞ նաև գործող ռեկտորների, որոնք նախարարի սրտով չեն լինի: Վաղը հարցը կքննարկվի, որից պարզ կլինի, թե ի վերջո այս հարցին ինչ լուծում են տվել:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան