Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել մի նախագիծ, որը նպատակ ունի աջակցություն տրամադրել սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի բնակված Հայաստանի Հանրապետության հաշվառում ունեցող պայմանագրային զինծառայողների ընտանիքներին:
Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայացված նախագծի նպատակն Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի բնակված` գույք կորցրած պայմանագրային զինծառայողներին համապատասխան աջակցության տրամադրումն է։
Բանն այն է, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում վարձակալված կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված ծառայողական բնակարաններում փաստացի բնակված պայմանագրային զինծառայողների ընտանիքները կրել են նյութական վնասներ` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մի շարք համայնքներում գտնվող բնակարաններում (բնակելի տներում) թողնելով իրենց անձնական իրերը, կահույքը, հագուստը, կենցաղային տեխնիկան, իսկ որոշ դեպքերում նաև` անձնական օգտագործման ավտոմեքենաները, սակայն վերջիններս զրկված են պետության կողմից իրականացվող որևէ աջակցության ծրագրից օգտվելու հնարավորությունից: Եվ նշված հանգամանքը վերջիններիս շրջանում ոչ միայն հանգեցնում է բողոքների, այլ նաև բացասաբար է անդրադառնում զինծառայողների կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման արդյունավետության վրա` ստեղծելով նաև սոցիալական լարվածության օջախներ: Նախագիծն ընդունվելու դեպքում նրանց ընտանիքներին կտրամադրվի միանվագ դրամական օգնություն։
Նաիրա Հովհաննիսյան