Փետրվարի 20-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Կապանի բաժին հաղորդում է ստացվել, որ Երկաթուղայինների 5-րդ նրբանցքի տներից մեկում միայնակ ապրող տարեց տղամարդու վրա հարձակվել են, դանակով հարվածել ոտքին և տնից գումար հափշտակել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ փետրվարի 19-ին, ժամը 22.30-ից 23.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը պատուհանի ցանցը պոկել և մտել է նշված տուն։ Փող ու ոսկի պահանջելով՝ սպառնացել է 81-ամյա տանտիրոջը, ապա կտրող-ծակող գործիքով վնասել նրա ազդրն ու ականջները։ 120.000 դրամ և բջջային հեռախոս ստանալուց հետո անհայտ անձը դիմել է փախուստի:
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Քաղաքացիներին հորդորում ենք՝ արարքը կատարած անձի ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում հայտնել ոստիկանություն։
Տեղեկություններ տրամադրած անձի գաղտնիությունը երաշխավորվում է։
Համագործակցության ցանկացած դրսևորում կխրախուսվի։