Բացահայտվել է հուշանվերների և ոսկերչական իրերի խանութում կատարված ավազակային հարձակման դեպքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հուշանվերների և ոսկերչական իրերի խանութ-սրահում կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«2021թ. փետրվարի 17-ին՝ ժամը 12:55-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, մուտք էր գործել Սիսիան համայնքի Գ.Նժդեհի փողոցում գտնվող հուշանվերների և ոսկյա զարդերի խանութ-սրահ և որպես զենք օգտագործվող դանակի սպառնալիքով, վաճառողի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել խանութ-սրահում առկա զգալի չափերով ոսկյա զարդեր ու դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակությունը) 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով:

Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնություն, որը հանդիսանում է Սիսիան համայնքի բնակիչ՝ ծնված 1987թ.: Վերջինս ձերբակալվել է՝ ավազակություն կատարելու կասկածանքով, և տվել ինքնախոստովանական ցուցմունք՝ ներկայացնելով դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ գողոնը թաքցնելու վայրը. հափշտակված ոսկյա զարդերը հայտնաբերվել և առգրավվել են: Կատարվել է անձի ճանաչման քննչական գործողություն, որի ժամանակ տուժողը՝ խանութ-սրահի աշխատակցուհին, ճանաչել է առերևույթ հանցագործություն կատարած անձին: Վերջինից ստացվել է արյան փորձանմուշ, նշանակվել դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս