ArmLur.am-ը դիմեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մամուլի խոսնակ Հասմիկ Պետրոսյանին՝ հասկանալու համար, թե ինչ է արել նախագահը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատման դիմումը: Ի պատասխան մեր հարցման՝ մամուլի խոսնակը նշեց, որ նախագահը ոչ ստորագրել է այն, ոչ էլ՝ ետ վերադարձրել:
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 133-րդ հոդվածը, որը սահմանում է հանրապետության նախագահի լիազորությունները Զինված ուժերի բնագավառում, նախատեսում է. «Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով նշանակում եւ ազատում է Զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը»:
Այսինքն՝ ստացվում է՝ վարչապետը առաջարկել է ազատել Օնիկ Գասպարյանին, սակայն նախագահը դեռ չի ընդունել այդ առաջարկը, եւ Գասպարյանը շարունակում է մնալ Զինված ուժերի շտաբի պետը: Բացի այդ, մայր օրենքի 139-րդ հոդվածի երկրորդ կետը սահմանում է, թե ինչ է լինում այն դեպքում, երբ նախագահը հրաժարվում է ստորագրել վարչապետի առաջարկը:
«Հանրապետության նախագահը Սահմանադրության 131-137-րդ հոդվածներով, 155-րդ հոդվածի 3-րդ մասով, 166-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերով սահմանված դեպքերում կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան»:
Այսինքն՝ ՀՀ նախագահը կարող է վերադարձնել Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու միջնորդությունը. եթե Նիկոլ Փաշինյանը չընդունի վերադարձը, նախագահը կարող է այն ուղարկել ՍԴ, որտեղ ամիսներ անց միայն կքննվի սահմանադրականության հարցը: Այդ ընթացքում Օնիկ Գասպարյանը շարունակելու է մնալ Գլխավոր շտաբի պետ: