ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտի 8-ին տհաճ անակնկալներ չեն լինի. որքան կլինեն ծաղիկների գները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 8-ին ծաղիկների գները տհաճ անակնկալի չեն բերի արական սեռի ներկայացուցիչներին: Համենայնդեպս, այդպես պնդում են ծաղկի մշակությամբ զբաղվող ջերմոցատերերը: Եթե ջերմոցատերերը թանկացնեն ծաղիկը, ապա չնչին: Ստիպված են՝ գազի բարձր գինն անհարմար դրության մեջ է իրենց գցել:

ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ ծաղկեպսակների գները սկսում են 15000 դրամից, իսկ ամենաթանկն արժե 50 հազար դրամ:

Մարտի 8-ին մեծ ոգեւորությամբ սպասում են ոչ միայն կանայք, այլեւ՝ ջերմոցատերերը: Քանի որ հույսեր ունեն, որ այդ օրը գոնե կկարողանան գումար աշխատել: Կորոնավիրուս վարակի պատճառով նախորդ տարի ջերմոցատերերը մեծ վնասներ են կրել. ծաղիկները կամ նվիրում էին կամ թափում: Ջերմոցատերերը երկրորդ հարվածը ստացել են հուլիսի 19-ից հետո, երբ գազի գինը բարձրացավ. ջերմոցային տնտեսությունները ջեռուցման սեզոնին՝ նոյեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, 1000 խմ-ի դիմաց վճարում են 224 դոլար՝ նախկին 212-ի փոխարեն: Բայց միեւնույն է՝ մարտի 8-ին ծաղկի վաճառքից ստացված գումարն անգամ չի զրոյացնի սպառած գազը: Սպառած գազի վարձը վճարում են վարկային միջոցներով:

Այս օրերին մեկ հատիկ գերբերա տեսակի ծաղիկն արժե 200 դրամ: Գերբերայի աճեցմամբ զբաղվող տիկին Գայանեն ասում է, որ գերբերան չի թանկանա մարտի 8-ին ընդառաջ, քանի որ Վերին Լարսի ճանապարհը փակ լինելու պատճառով արտահանում չի իրականացվում եւ շուկան այժմ լցված է գերբերայով:

Իսկ ահա մյուս ջերմոցատերը Կարինեն մտահոգված է. վարդի երկու ջերմոց ունի, բայց մեկում վարդը չի հասցրել կոկոնել:

Բայց մյուս ջերմոցում վարդերը կոկոնել են: Մեկ հատիկ վարդն էլ 400-600 դրամ է:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս