Ինչ քրեական գործով են ԲԴԽ նախագահի կնոջը հրավիրել Հատուկ քննչական ծառայություն. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի կնոջը հրավիրել էին ՀՔԾ, վերջինս ներկայացել է հարցաքննության: ArmLur.am-ը զրուցել է ԲԴԽ նախագահի հետ, թե կոնկրետ ինչ քրեական գործով են կանչել իր կնոջը հարցաքննության:

-Պարո′ն Վարդազարյան, երեկ Ձեր տիկնոջը հրավիրել էին ՀՔԾ: Արդյո՞ք Ձեր կինը ներկայացել է և ի՞նչ հարցերի է պատասխանել:

-Այո, կինս ներկայացել է, պատասխանել է քննիչի հարցերին: Պատմել է՝ ինչ գիտի, ինչը չգիտի:

-Պարո′ն Վարդազարյան, ի՞նչ գործի շրջանակներում է հարցաքննվել Ձեր կինը: Հարուցված գործ կա՞ Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամների նկատմամբ:

-Պաշտոնական որևէ տեղեկություն չունեմ, ենթադրում եմ, որ իմ նկատմամբ է հարուցված: Իմ համոզմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, խախտելով առնվազն 3 օրենսդրական նորմ, իմ վերաբերյալ նյութեր է ուղղարկել դատախազություն, որոնք էլ, ենթադրում եմ, դրանք ուղարկել են ՀՔԾ, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ:

-Պարո′ն Վարդազարյան, սա չի՞ նշանակում արդյոք, որ իշխանությունները բացահայտ հետապնդում են իրականացնում Ձեր և Ձեր ընտանիքի նկատմամբ և արդյո՞ք նախաքննական մարմինները դիմել են Բարձրագույն դատական խորհրդին և ստացել թույլտվություն:

-Ոչ, չեն դիմել և հետևաբար ԲԴԽ-ի համաձայնությունն էլ չեն ստացել քրեական հետապնդում իրականացնելու: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ և 94-րդ հոդվածի 6-րդ մասերով հստակ սահմանված են ընթացակարգերը:

-Պարո′ն Վարդազարյան, ի՞նչ եք պատրաստվում անել: 

-Եթե իմ ենթադրությունները հաստատվեն, ապա, հաստատապես, առանց մեկ վայրկյան հապաղելու, բողոքարկելու եմ դատական կարգով:




Լրահոս