Թուրքական ապրանքների ներկրումն արգելող կառավարության որոշումից հետո էական փոփոխություն կա թեթեւ արդյունաբերության ոլորտում: Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ տեղաշարժեր կան նաեւ շինարարական ոլորտում. «Որովհետեւ Թուրքիայից ներմուծվում էր մեծ քանակի շինանյութ, եւ հիմա դրա մի մասը տեղափոխվել է Հայաստան, իսկ մյուս մասը Չինաստան, ԵԱՏՄ, Իրան»:
Բայց նկատենք, որ Թուրքիայից ապրանքների ներկրումն արգելող որոշումից հետո որոշ ապրանքնատեսակների գները բարձրացել են: Օրինակ, թանկացել է հագուստը, կոշիկը, մաքրող, լվացող միջոցները: Այս խնդրի հետ կապված Քերոբյանն արձագանքեց՝ նշելով. «Ես այդպես միանշանակ չէի ասի, պետք է նայել թվերին, հենց այս օպահին չեմ կարող ճիշտ արձագանքել»:
ArmLur.am-ը նախարարին փոխանցեց նաեւ ջերմոցատերերի մտահոգություններն այն մասին, որ ներքին շուկայում վաճառվում է թուրքական ծագման լոլիկ: Նախարարը տեղյակ չէր, բայց խոստացավ ուսումնասիրել խնդիրը:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ հայտնել է, որ Հայաստանը Թուրքիայից բավականին մեծ քանակությամբ լոլիկ, վարունգ է ներկրել:
Սյունէ Համբարձումյան
Մանրամասները՝ տեսանյութում